Digitec business 2010-ի բացման ժամանակ նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը
Digitec business 2010 3-րդ ամենամյա երկօրյա ցուցահանդես ֆորումը երեկ բացվեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունըՙ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) CAPS ծրագրի աջակցությամբ: Համաժողովի պաշտոնական բացումը կատարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հանդես գալով բացման խոսքով, վարչապետն ընդգծեց այս միջոցառման կարեւորությունը այն առումով, որ մի կողմիցՙ սա բացառիկ հնարավորություն է շփումների եւ պայմանագրերի կնքման համար, մյուս կողմիցՙ ազդակ է հասարակության համար, թե ինչ փուլում է գտնվում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը:
Ըստ Տիգրան Սարգսյանի, տարեցտարի ավելանում է Digitec-ի մասնակիցների թիվը, եւ մեր քաղաքացիները տարեցտարի զգում են այս ոլորտի ծառայությունների որակի բարձրացումը, հասանելիությունը եւ գների նվազումը: Որպես ապացույց նշվեց այն փաստը, որ 2009-ին ընդհանուր տնտեսկան անկման պարագայում այս ոլորտը աճ էր արձանագրել:
Անդրադառանալով տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցանիշներին, վարչապետը հայտնեց, որ ներկայումս ոլորտի ընդհանուր հասույթը 130 մլն դոլար է, որից 70 մլն դոլարն արտահանանվում է: Այստեղ ներգրավված են 5 հազար աշխատողներ: Իր ցուցանիշներով ՏՀՏ-ն համադրելի է դառնում հանքարդյունաբերության հետ:
Digitec business 2010-ին մասնակցում էին մոտ 40 տեղական եւ միջազգային ընկերություններ, որոնք ներկայացրել են իրենց լուծումները բիզնեսի կառավարման, գործընթացների ավտոմատացման, վաճառքների խթանման ուղղությամբ:
Ա. Մ.