«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2010-06-08 | #105, 2010-06-09 | #106, 2010-06-10


«ԴԵՂԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»

«Հայաստանում դեղարտադրողների ու ներմուծողների միջեւ մրցակցություն առանձնապես չկա, որովհետեւ դեղարտադրողները գրավում են Հայաստանի շուկայի 10-12 տոկոսը», երեկ «Հենարան» ակումբում տեղեկացրեց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը: Նրա խոսքով` դեղարտադրությունը երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է. աղետների ու պատերազմների դեպքում տեղական արտադրությունը երկրի ներսում պետք է կարողանա ապահովել դեղերի գոնե նվազագույն քանակը:

«Մեր դեղարտադրության 50 տոկոսը սպառվում է Հայաստանում, իսկ 50 տոկոսն էլ արտահանվում է: Արտահանումը կարող է ավելի շատ լինել, եթե ունենանք GMP ստանդարտներ, այսինքն` պատշաճ արտադրության կանոնակարգ», նշեց բանախոսը, իսկ թե ինչպե՞ս են արտահանվում տեղական դեղերն առանց GMP-ի հավաստագրերիՙ Ս. Զաքարյանը պատասխանեց. «Կան երկրներ, որոնք դեռեւս չեն պահանջում այդ հավաստագրերը: Հայ արտադրողները հիմնականում արտահանում են Ռուսաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա եւ Բելառուս, բայց եվրոպական շուկաներ մտնել չենք կարող, որովհետեւ չունենք GMP-ի հավաստագրեր»:

Ներկայումս Հայաստան դեղեր են ներկրվում հիմնականում եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից: Դեղարտադրող ընկերությունները 14-ն են, իսկ ներմուծողները` 27-ը:

Սակայն ներկրված դեղերի մեծ մասը չունի հայերեն մակնշում եւ տեղեկատվություն հայերենով:

«Հայաստանի նման փոքր երկիր ներկրվող 100-200 կամ 2000 հատ դեղի հայերեն մակնշումը մենք չենք կարող պահանջել արտահանողներից, որովհետեւ դեղերի այդպիսի փոքր քանակը, կարելի է ասել, նրանց ընդհանրապես չի հետաքրքրում: Այդպիսի լուրջ պահանջներ դնել չենք կարող, որովհետեւ մեծ երկիր չենք, բայց մենք առաջարկել ենք, որ հայերեն մակնշումները դեղերին կցվեն մեր դեղատներում», ասաց բանախոսը եւ վստահեցրեց, որ տեղական արտադրության բոլոր դեղերն ունեն հայերեն մակնշում:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4