«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2010-06-08 | #105, 2010-06-09 | #106, 2010-06-10


Google TV. ՀԱՄԱՑԱՆՑԸ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻ ՎՐԱ

Շուտով հնարավոր կլինի հեռուստաէկրանի վրա տեղեկատվություն որոնել, էլեկտրոնային փոստ ստանալ, համացանցից ֆիլմ քաշել, Facebook-ում լուսանկարներ զետեղել եւ այլն: Le Monde թերթը հաղորդում է մայիսի վերջերին ամերիկյան Google տեղեկատվական համացանցի ղեկավարների արած այն սենսացիոն հայտարարության մասին, որ ստեղծվել է Google TV: Դա Google-ի հետ Sony, Logitech եւ Intel ընկերությունների դաշինքի արդյունքն է:

Google-ը կմատակարարի համապատասխան հեռուստատեսային սարքավորանք, որը հեռուստացույցը կօժտի նոր հնարավորություններով, մասնավորապեսՙ տեղեկատվության որոնման բնագավառում: Նոր տիպի առաջին սարքերն ԱՄՆ-ում վաճառքի կհանվեն ընթացիկ տարվա աշնանը: Google-ի նորամուծությունը ոմանք համեմատում են գունավոր հեռուստատեսության գյուտի հետ:

Հեռուստատեսությամբ հետաքրքրվում է ոչ միայն Google-ը, այլեւ Yahoo!-ն: Ինտերնետային որոնման այս համացանցն իր հերթին գործարքներ է կնքել հեռուստացույց արտադրող Samsung, LG, Sony եւ Vizio ընկերությունների հետ, որոնց տերմինալներում ընդգրկվել են Yahoo!-ի լուսանկարային Flickr կայքը կամ Yahoo!Finance ալիքը: Microsoft-ը եւս ներկա է xbox 360 տեսախաղով, որը միացած է թե՛ հեռուստացույցին եւ թե՛ ինտերնետին:

Ֆրանսիայում նույնպես հեռուստատեսության եւ համացանցի միավորման փորձեր են արվում: TF1 ալիքը գործակցում է Samsung-ի հետ, M6 ալիքը պայմանագիր է կնքել Sony-ի հետ, համացանցի մատակարար Orange-ըՙ LG-ի հետ:

Ներկա փուլում համացանցին միացած հեռուստաալիքները դեռ առաջարկում են շատ սահմանափակ ինտերնետՙ տարբեր պատկերներ (widgets), որոնք հայտնվում են դասական հեռուստապատկերների վրա: Google-ը ուզում է շատ ավելի հեռուն գնալ, նույն հարթության վրա զետեղելով հեռուստածրագրերը եւ ինտերնետը: Հեռուսատեսության եւ ինտերնետի զուգորդման նպատակով էլեկտրոնային արդյունաբերության հսկաները վերջին տասնամյակում մեծ ջանքեր են գործադրել:

Նորամուծությունը խոստումնալի է: Ինտերնետային ընկերությունների եկամուտները ստացվում են գլխավորապես գովազդային մակերեսների վաճառքիցՙ զուգորդված անվճար ծառայությունների հետ: Իսկ հեռուստաէկրանը անշրջանցելի է բազմաթիվ գովազդատուների համար: Երբ համացանցն ու հեռուստատեսությունը միավորվեն, հնարավոր կլինի գովազդները հասցնել աշխարհի գրեթե բոլոր ընտանիքներին: Սակայն արդեն իսկ օրախնդիր է դառնում գովազդային շահույթների բաշխման հարցը:

Բացի դրանից, հեռուստաալիքները երկյուղ ունեն, որ իրենց ծրագրերը կարող են ամենաանպատեհ պահերին խաթարվել անսպասելիորեն հայտնված գովազդային պատկերներով: Le Monde-ը տեղեկացնում է, որ այս կապակցությամբ ֆրանսիական 18 ալիքներ (TF1, France Te՛le՛visions, Canal+ եւ այլն) հունիսի սկզբներին ստորագրել են խարտիա, որով պահանջվում է «հարգել հեռուստապատկերի անխաթարությունը»:

Մոտ երկու տարի առաջ սկսվեց հեռուստացույցների բարձրակարգ մոդելների արտադրությունը, որոնք հնարավոր է համացանցին միացնել մոդեմի կամ դեկոդերի (box) միջոցով: 2010-ին Samsung-ի արտադրած նոր մոդելների արդեն կեսից ավելին ունի նման միացման հնարավորություն: LG-ի, Philips-ի եւ Panasonic-ի արտադրանքում դրանք կազմում են 60 տոկոս, Sony-ի արտադրանքումՙ 80-90 տոկոս: 2013 թվականին ինտերնետին միացած հեռուստացույցները պետք է կազմեն վաճառվելիք բոլոր հեռուստացույցների 44 տոկոսը:

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4