Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահը հունիսի 1-ից Աբովյան փողոցի իր զբաղեցրած տարածքը գունագեղ պարտեզի է վերածել. սրահի ցուցափեղկերի ուրախ գույները դրսի անցորդին ակամա ներս են հրավիրում: Ներսում երեխաների երեւակայության տարբեր դրսեւորումները հիմնականում նկարների տեսքով հայտնվել են պատերին, ապակիներին, ստվարաթղթե տուփերին, որոնք դիզայներական լուծումներով տեղ են զբաղեցրել սրահի վերջնամասումՙ ավելի հետաքրքրական դարձնելով դիտումը: Աշխարհի բոլոր ուրախ գույները տեղափոխվել են այստեղ, իրենց սիրելի հեքիաթային հերոսների, կենդանիների, թռչունների, ծաղիկների զարմանալի ձեւեր առել: Մանկական երեւակայությանը հատուկ անակնկալներով հարուստ ու բազմազան են բոլոր աշխատանքները, որոնց գունային վառվռությունն ու պատկերային անմիջականությունը անբռնազբոս, անմիջական մթնոլորտ է առաջացնում, ուրախ տրամադրությամբ համակում. այդպիսին են նաեւ զարդանմուշային աշխատանքները, դիմակներն ու կտորե տիկնիկները: Այստեղ մանկական աչքեր են նայում պատերից, լսվում են ծիծաղի հնչյուններ, գույները ժպտում են: Հարցերը դառնում են ավելորդ. պետք է անցնել սրահով, նայել, հիանալ եւ զարմանալՙ գունային երեւակայությամբ, պատկերների հստակությամբ, թեմատիկ այն բազմազանությամբ, որով աշխատել են Գեղագիտության ազգային կենտրոնի ստուդիա-քոլեջի ամենափոքր տարիքի այս երեխաները: Նրանք 3-7 տարեկաններն են, շուրջ 135 երեխա, որոնք գրեթե 1 տարի պատրաստվել են այս ցուցահանդեսին: Մտահղացումը ստուդիա-քոլեջի տնօրեն Սամվել Բաղդասարյանինն ու գեղարվեստական ղեկավար Հասմիկ Հակոբյանինն է, որն իրականացել է ACBA բանկի աջակցությամբ:
Ցուցասրահիՙ ամենատարբեր ոճերով էքսպոզիցիաների մեջ այս մեկն իր առանձահատուկ կողմերն ու ներկայացման ուրույն ձեւերն ունեցավ: Քանի որ ամենափոքրիկներին էր նվիրված, այն պետք է նմանվեր խաղատարածքի, խաղահրապարակի: Ինչպես ստուդիա-քոլեջի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Հակոբյանն է մեկնաբանում, մտահղացման սկզբունքը սրահի պատերի ձեւավորմանՙ թեմատիկ, կոմպոզիցիոն մոտեցումներով միմյանցից տարբեր լինելն է, որով «պատկերասրահը թանգարանային սառը տարածքից վերափոխվում է խաղային երեւակայություն բորբոքող ձգողական աշխարհի»: Պատերից մեկին, օրինակ, արեւադարձային տափաստանի կենդանիներով երկու մեծածավալ (2,5 մ) պատկերներն իրար միացնող պարաններին կախված նկարները անապատի ավազների ալիքներին են նմանեցվել, վերեւումՙ արեւը:
Հունիսի 1-ինՙ ցուցահանդեսի բացմանը օրը, Աբովյան փողոցի այս հատվածը նմանվել էր փոքրիկ «Դիսնեյ լենդի», ստվարաթղթե մեծածավալ հորինվածքներինՙ երեխաների պատրաստած զարդամոտիվները աշխուժացրել էին շրջապատը: Ստուդիայի փոքրիկների յուրաքանչյուր խումբ իր ղեկավարի հետ թանգարանային ներքեւի մասից հարթակին էր մոտենում թատերային արտահագուստովՙ արեւածաղկի, արքայազն-արքայադստեր, հեքիաթների տարբեր հերոսների կերպարանքներով:
Հենրիկ Իգիթյանի ջանքերի շնորհիվ, ստուդիա-քոլեջը կերպարվեստի տարբերՙ նկարչության, քանդակի, գրաֆիկայի, խեցեգործության, ասեղնագործության, փայտագործության, գոբելենի, կարպետագործության եւ այլ բաժիններով, մայրաքաղաքի կենտրոնականՙ Սարյանի, Բայրոնի եւ Մաշտոցի փողոցներում զբաղեցրած տարածքով, կարողանում է ընդգրկել արվեստի նախասիրություններով ու տաղանդով օժված բազմաքանակ երեխաների: Սամվել Բաղդասարյանը կարծում է, որ հունիսի 1-ը մինչեւ 7 տարեկաններին է վերաբերում, ուստիեւ փորձ է արվել մասնակից դարձնելու հենց նրանց, ինչը նաեւ հնարավորություն է տալիս ունակությունների բացահայտման: «Այս տարիքի երեխայի օժտված վիճակները մենք չենք գնահատում: Մինչդեռ ամենատաղանդավոր շրջանն է նրանց: Ուսուցիչը երբեք երեխայի տաղանդով չի կարող նկարելՙ պատկերի, շրջապատիՙ երեխայի գեղագիտական ընկալման ձեւերը, գույնի զգացողությունը միանգամայն այլ են, շատ տարբերՙ մեծահասակներից: Իհարկե, այստեղՙ ստուդիայում նրանք շատ բան են սովորում, հենց միայն գունաճանաչողության ընթացքում, գույնին հարաբերվելիս, երբ ներկը գեղանկարչական գույն է դառնում, երեխան որոշակի ինֆորմացիա է ստանում»:
Ստուդիա-քոլեջում սովորում են նաեւ մտավոր հետամնաց երեխաներ, որոնց ինտեգրումը հասարակության մեջ արվեստի ճանապարհով, անշուշտ, առավելություն է, նաեւ հոգեթերապեւտիկ առումովՙ օգտակար:
Էքսպոզիցիան, որ բազմաձեւ ու ընդգրկուն է, ուշագրավ է նաեւ փոփոխությունների ենթարկվելու հնարավորությամբ, այն բաց է ցանկացողների համար: Օրեր առաջ ցուցադրության մեջ ընդգրկվեցին «Երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախաձեռնությամբ ուրիշ երեխաների աշխատանքներ, իսկ շաբաթ օրը մոսկվաբնակ 6-ամյա մի հայ փոքրիկ միացավ այս բազմազանությանը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ