«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2010-06-09 | #106, 2010-06-10 | #107, 2010-06-11


ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԻՐ ՀՆԳԱՄՅԱ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ ԼՂՀ նորընտիր խորհրդարանը գումարեց իր անդրանիկ նիստը:

Նոր խորհրդարանին բեղմնավոր գործունեություն մաղթելովՙ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը միաժամանակ հույս հայտնեց, որ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի միջեւ կլինի լիակատար փոխըմբռնում ու արդյունավետ համագործակցություն:

Պատգամավորներին օրհնանքի խոսք հղեց Հայ առաքելական եկեղեցու արցախյան թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Երդման արարողությունից հետո պատգամավորները ձեռնամուխ եղան խորհրդարանի կառույցների ձեւավորմանը: ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջարկվեց Աշոտ Ղուլյանի թեկնածությունը: Տեղի ունեցավ փակ քվեարկություն. վերջինիս կողմ քվեարկեց 33 պատգամավորներից 29: Երեք հոգի քվեարկել էին դեմ, մեկ ընտրաթերթիկ ճանաչվել էր անվավեր:

ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար առաջարկվեց Արթուր Թովմասյանի թեկնածությունը, որն ընտրվեց 31 կողմ եւ 2 դեմ ձայներով:

Նկատենք, որ նրանք երկուսն էլ խորհրդարանի խոսնակի փորձ ունեն. Աշոտ Ղուլյանը Ազգային ժողովը ղեկավարել էր նախորդ գումարման խորհրդարանի ամբողջ գործունեության ընթացքում, իսկ Արթուր Թովմասյանը ԱԺ նախագահ է եղել 1996-97 թվականներին:

Ձեւավորվեցին նաեւ ԱԺ մշտական գործող հանձնաժողովները, որոնք արդեն 7-ն են` նախկին 6-ի փոխարեն: Ընդ որում, հանձնաժողովների նախագահների ու նրանց տեղակալների աշխատավարձերի միջեւ տարբերություն արդեն չի լինի, որովհետեւ փոփոխված օրենքով դրանք հավասարեցված են:

Նոր խորհրդարանում քաղաքական ուժերը դարձյալ երեքն են` «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները: Այս ուժերով կազմավորված խմբակցություններից բացի, ստեղծվել է նաեւ երեք հոգուց բաղկացած «Արցախատուն» պատգամավորական խումբ անկախ պատգամավորների թվից:

Նիստը ընդմիջվել է մինչեւ հունիսի 30-ը. այդ օրը խորհրդարանը կքննարկի կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

ԱԺ անդրանիկ նիստին հրավիրված էին նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որոնք այս օրերին ճանաչողական այցով գտնվում են Արցախում:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4