Այս կարծիքը երեկ` ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում հայտնեց շվեյցարահայ վերլուծաբան Վիգեն Չեթերյանը ` ներկայացնելով իր հեղինակած զեկույցը` «Պատերազմ եւ խաղաղություն` Կովկասում» վերնագրով: Չեթերյանն անդրադարձել է հետխորհրդային Կովկասի բոլոր «տարածքային վեճերին», որոնք, վերլուծաբանի խոսքերով, ավելի քան 90 էին. «Սակայն դրանցից մի քանիսն ընդամենը պատերազմներով ընթացան, իսկ երբ այս վեճերը պատերազմական ընթացք են ստանում, ապա առավել խորանում են», նշեց Չեթերյանը: Ըստ վերլուծաբանի, եթե Սովետական Միությունը ավելի դանդաղ տեմպերով փլուզվեր, ապա հնարավոր է, որ այսքան պատերազմներ չբռնկվեին. «Բայց այդպես չեղավ: ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքում առաջացավ վակուում, եւ, իմ կարծիքով, բոլոր այս հակամարտությունների պատճառը հենց դա է», նշեց Չեթերյանը: Նա շեշտեց, որ սխալ է այն պատկերացումը, թե մեկ պետության մի փոքր մաս փորձում է անջատվել դրանից. «Նկատենք, որ այդ «փոքր տարածքները» չէ, որ սկսել են պատերազմը, այլ հակառակը` Վրաստանը պատերազմ սկսեց Աբխազիայի դեմ, Ադրբեջանը` Ղարաբաղի», ասաց վերլուծաբանը: Իսկ թե ինչո՞ւ, ի տարբերություն նախկին ԽՍՀՄ տարածքի այլ հակամարտությունների, ղարաբաղյանը, աբխազականը, կամ չեչենականը ստացան պատերազմական ընթացք, Չեթերյանը հիմնավորում է հետեւյալ կերպ. «Առաջինն այն է, որ այս ժողովուրդներն ունեն պատմական ծանր հիշողություններ, հայերի մեջ Ցեղասպանությունն է, չեչենների` 1944-ի բռնագաղթը, որը նրանց համար նույն է, ինչ մեզ համար Ցեղասպանությունը: Իսկ նման անցյալ ունեցող ազգերը, երբ անցնում են նոր ժամանակաշրջան (նկատի ունի ԽՍՀՄ փլուզումը-Հ. Ա.), առավել սրությամբ են դնում իրենց ինքնորոշման հարցը: Բացի սրանից` այս երեք ժողովուրդներից ոչ ոք ինքը չի նախաձեռնել պատերազմը: Ինչպես արդեն նշեցի` Աբխազիայի պարագայում պատերազմ սկսողը Վրաստանն էր, Ղարաբաղում` Ադրբեջանը, Չեչնիայում` Ռուսաստանը», ասաց Չեթերյանը` հավելելով, որ եթե Ռուսաստանին ի վերջո հաջողվեց պատերազմով «լռեցնել» Չեչնիային, չնայած դրա համար վճարելով ծանր գին, քանի որ այսօր Հյուսիսային Կովկասում կան մի շարք ծայրահեղ իսլամական խմբավորումներ, ապա Աբխազիան ու Ղարաբաղը հաղթանակած դուրս եկան պատերազմից: «Բայց պետք է հաշվի առնել, որ Ղարաբաղի հարցը դեռ լուծված չէ: Եթե հայերի համար արդեն լուծված է, ապա Բաքվում ամենեւին էլ այդպես չեն կարծում: Հետեւաբար պետք է նկատել, թե ինչ զարգացումներ կան հարեւան երկրում», նշեց վերլուծաբանը:
Հ. Ա.