«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2010-06-09 | #106, 2010-06-10 | #107, 2010-06-11


ՍՏԵՂԾԵ՞Լ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐ, ԹԵ՞ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԹԵՔՈՒՄՈՎ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ

«Հայելի» ակումբում երեկ էկոլոգ Կարինե Դանիելյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Կարինե Աճեմյանը խոսեցին Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ: Ասուլիսի ժամանակ Կարինե Դանիելյանը ՀՀԿ-ին նաեւ խնդրեց հետեւել մի խնդրի, որի մասին բնապահպանն առաջին անգամ էր բարձրաձայնում.

«Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, երբ գնում են արտասահման մասնակցելու ամենաբարձր միջազգային համաժողովներին, տեսնում են, որ մեր պետական պատվիրակություններն իրենց ֆունկցիաները պարզապես չեն կատարում, եւ այդտեղ նրանց օտար լեզուն չէ, որ խանգարում է: Նրանք ամենաշատը նստում են բացմանն ու հեռանում»:

Ինչ վերաբերում է օտարալեզու դպրոցների բացմանը, ըստ Կարինե Աճեմյանի, օրինագծում խոսվում է ընդամենը 15 օտարալեզու դպրոցի մասին: «Շատ հնարավոր է, որ վերանայվի եւ նվազեցվի այդ թիվը», նշեց Կ. Աճեմյանը եւ հավելեց. «Եթե Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է տվյալ նախագիծը, ուրեմն պաշտպանում է նաեւ առաջնորդը»:

Կարինե Դանիելյանի կարծիքով` օտարալեզու դպրոցներ բացելու փոխարեն, եթե անբավարար է թեքումով դպրոցների մակարդակը, լավ կլինի բարձրացնել դրա՛նց մակարդակը կամ կարելի է ստեղծել լեզուների ուսումնասիրման կենտրոններ, ինչն ընդունված է ամբողջ աշխարհում:

«Ես դեմ չեմ օտար լեզուների իմացությանը, հակառակը` լեզուների իմացությունը պարտադիր է: Ես սովորել եմ ռուսական դպրոցում, սակայն հայ լինելով` ես ձեւավորվում էի որպես ռուս: Մեր դպրոցում, եթե ընդմիջման ժամանակ երեխաներն իրար հետ խոսում էին հայերեն, դա համարվում էր կարգի խախտում: Հայերեն խոսելու իրավունք ունեինք միայն հայոց լեզվի դասերի ժամանակ», ասաց Կարինե Դանիելյանը:

Կարինե Աճեմյանն էլ նկատեց, որ մայրենի լեզուն նախ պետք է պահպանվի ընտանիքներում, հետո դպրոցներում:

Ըստ Կարինե Դանիելյանի` ռուսական դպրոց ավարտողների ընդամենը 1-3 տոկոսն է հետագայում դարձել հայրենասեր, իսկ մնացած շրջանավարտները հիմա կա՛մ Ռուսաստանում են, կա՛մ այլ երկրում, մի խոսքով` օտարացել են:

«Մարդուն զոռով, պարտադրանքով հնարավոր չէ իր երկրում պահել», հակադրվեց Կ. Աճեմյանը:

  «Ազգի» հարցին` հետագայում արդյոք հնարավո՞ր է սահմանափակվել միայն 15 օտարալեզու դպրոցներով, թե՞ դրանց թիվը հետզհետե ավելանալու է, բանախոսները տվեցին իրարամերժ պատասխաններ: Կ. Աճեմյանը նշեց. «Չեմ կարծում, որ օտարալեզու դպրոցների շատ մեծ պահանջարկ կլինի», իսկ Կ. Դանիելյանի կարծիքով` այդպիսի դպրոցների պահանջարկը գնալով մեծանալու է:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4