Երեկ աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Ստուբը նշել է, որ Ֆինլանդիան պատրաստ է իրացնել Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նոր հնարավորությունները: Իր հերթին նախագահ Սարգսյանը կարեւորել է Ֆինլանդիայի հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը. «Ֆինլանդիան իր անաչառ եւ կառուցողական դիրքորոշմամբ վստահության մեծ պաշար է ձեռք բերել եւ ցանկալի գործընկեր է Հայաստանի համար», նշել է Սերժ Սարգսյանը: Ալեքսանդր Ստուբը շեշտել է, որ իր երկիրը մեծ հետաքրքրությամբ է հետեւում մեր տարածաշրջանի վերջին զարգացումներին: ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները դրանց վերաբերյալ: Կողմերն ընդունել են, որ Հարավային Կովկասում խաղաղություն եւ զարգացում ապահովելու լավագույն երաշխիքը երկխոսության միջոցով խնդիրների լուծումն է եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը:
Նույն օրը Ֆինլանդիայի արտգործնախարարին ընդունել է նաեւ Էդվարդ Նալբանդյանը: Ողջունելով հյուրինՙ նախարարը նշել է, որ Ստուբի այցը Հայաստան, լայն հնարավորություններ կտա համագործակցության հեռանկարները քննարկելու համար: «Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի եւ սկանդինավյան տարածաշրջանի հետ բազմաոլորտ եւ փոխշահավետ գործակցության զարգացումը, եւ այդ նպատակով մեր օրակարգում է սկանդինավյան տարածաշրջանում Հայաստանի դեսպանատան հիմնումը», նշել է Նալբանդյանը` ընդգծելով, որ Հայաստանը Ֆինլանդիային տեսնում է, որպես վստահելի գործընկերոջ` մասնավորապես միջազգային կառույցներում ակտիվ համագործակցության առումով: Իր հերթին ֆինն նախարարը նկատել է, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար «կան անհրաժեշտ քաղաքական կամք եւ լավ նախադրյալներ»:
Երկու նախարարները նույնպես քննարկել են ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերություների հարցեր:
Հ. Ա.