«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2010-06-10 | #107, 2010-06-11 | #108, 2010-06-12


ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓՈՐՁԸ` ՄՈԴԵԼ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանում Եվրոմիության խորհրդատվական խմբի աշխատանքների առնչությամբ կազմված եւ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ գործող խորհուրդը երեկ հերթականՙ 4-րդ նիստն էր գումարել, որտեղ ներկայացվեց ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքների հաշվետվությունը:

Նիստի համանախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ի պատվիրակությանը եւ խորհրդատվական խմբին` կատարած աշխատանքի համար: Խորհրդատվական խմբի հետ աշխատանքի արդյունքում դրական ձեռքբերումների շարքում Բաղդասարյանն ընդգծեց դիվանագիտական ակադեմիայի բացումը Հայաստանում, առաջընթացը վիզաների տրամադրման դյուրացման, ոստիկանության բարեփոխումների հարցերում:

Նիստը համանախագահող, Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերն, իր հերթին, ընդգծեց, որ ԵՄ-ի համար կարեւոր է խորհրդատվական խմբի աշխատանքների գնահատականը: Դեսպանի խոսքերով, խորհրդատվական խմբի գործունեությունը Հայաստանում այդօրինակ առաջին փորձն է, որ կարող է մոդելային դառնալ ԵՄ-ի համար` մյուս երկրներին աջակցություն տրամադրելիս: Այսպիսի մի խումբ արդեն իսկ գործում է Մոլդովայում, եւ Արեւելյան գործընկերության մյուս երկրները եւս մտածում են այդ ուղղությամբ:

Այս փուլը, որ ֆինանսավորվում էր կայունության գործիքի ներքո, կարող է շարունակվել մինչեւ հուլիս, այդուհետեւ արդեն Հայաստան-ԵՄ հարաբերություններում անցում կլինի հենց Հարեւանության ծրագրի շրջանակներում ֆինանսավորմանը:

Խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեի խոսքերով, իրականացրած աշխատանքում նորարարությունն այն էր, որ մի քանի խնդիրներ զուգահեռաբար էին հասցեագրվում: Ընդ որում, խորհրդատվական խմբի աշխատանքը, ըստ ղեկավարի, նաեւ յուրահատուկ գործիք է` արագ արձագանքելու Հայաստանի կառավարության կողմից ներկայացվող հարցերին:

Ամեն դեպքում, Բյոնկեի ներկայացմամբ, խումբը երկու հիմնական ուղղությամբ է աշխատել` լավ կառավարում եւ կայուն տնտեսական զարգացում: Առաջինի տակ պետք է հասկանալ կառուպցիայի դեմ պայքարին, պետական կառավարմանը, վարչարարության բարելավմանը, մարդու իրավունքներին, խորհրդարանական ընթացակարգերին, անվտանգությանը վերաբերող հարցերը: Կայուն տնտեսական զարգացումն էլ ներառում է խնդիրները, որ վերաբերում են Արեւելյան գործընկերության շրջանակներում նախապատրաստվող խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրն իրականություն դարձնելուն:

Քանի որ երեկվա քննարկումը նպատակ ուներ ոչ միայն անդրադառնալ խորհրդատվական խմբի կատարած, այլեւ հետագա աշխատանքին, ապա Բյոնկեն ներկայացրեց հետագա համագործակցության մի քանի հավանական ուղղություններ: Մասնավորապես, խորհրդատվական խմբի ղեկավարը նշեց, որ պետք է անդրադառնալ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի նախապատրաստման ընթացքին, քանի որ արդեն սկսվել են ասոցացման համաձայնագրի բանակցությունները: Գործունեության կարեւոր ոլորտ կարող են լինել նաեւ պետական պարտքին, արդարադատությանը, ազատությանն ու անվտանգությանը, նաեւ քաղծառայության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերը:

Պետական եկամուտների կոմիտեի, ֆինանսների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները մի շարք դիտարկումներ ներկայացրին ինչպես խորհրդատվական խմբի հետագա գործունեության համար հավանական ոլորտների, այնպես էլ արդեն իսկ կատարված աշխատանքի հաշվետվության առնչությամբ: Հաշվետվության մասով ընդհանրական էր այն, որ ըստ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների, փաստաթղթի առնվազն հայերենում բավականին անճշտություններ, չափազանցություններ, սխալներ կան:

Խորհրդատվական խմբի հետագա գործունեության առնչությամբ առաջարկությունները, Արթուր Բաղդասարյանի ընդհանրացմամբ, տասը օրվա ընթացքում նախարարություններից կներկայացվեն ԱԱԽ, այդուհետեւ կհանձնվեն ԵՄ-ի պատվիրակությանը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4