«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2010-06-10 | #107, 2010-06-11 | #108, 2010-06-12


ԷՔՍՏԵՌՆ ԿԱՐԳՈՎ ԴՊՐՈՑՆ ԱՎԱՐՏԱԾՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 949-Ն հրամանով արգելվել է 10-ից 11-րդ դասարան էքստեռն կարգով փոխադրումը, որի վերաբերյալ նախարարը բազմիցս հայտարարել է ինչպես զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպումների ընթացքում, այնպես էլ Ազգային ժողովի ամբիոնից: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարի 2010 թվականի փետրվարի 4-ի համապատասխան հրամանով հաստատվել է ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության 2010 թվականի աշխատանքային ծրագիրը, որում նախատեսվում էր հանրակրթական ծրագրեր իրականացնող ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 10-11-րդ դասարաններում իրականացնել սովորողների շարժի (ընդունելություն, փոխադրում, տեղափոխություն) մշտադիտարկում:

Համաձայն ուսումնասիրությունների նախնական տվյալների` շուրջ 3500 աշակերտ 2009-2010 ուստարում ուսումը չի շարունակել 10-րդ եւ 11-րդ դասարաններում: Ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության խախտումներ, որոնց հետեւանքները վերացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ, իսկ կոպիտ խախտումների վերաբերյալ նյութերը սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Ուսումնասիրությունների ներկա փուլում բացահայտվել է նաեւ, որ «ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող միասնական քննություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության խախտումով հայտագրված 39 դիմորդ, որոնց արգելվել է մասնակցել քննություններին:

Ներկայումս ուսումնասիրվում է նաեւ էքստեռն ավարտական կարգով քննությունների ընթացքը, վերջնական արդյունքները կհրապարակվեն սահմանված կարգով: Ուսումնասիրությունները կշարունակվեն նաեւ հուլիսին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4