Առաջին արդյունքներն արդեն նկատելի են
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ինչպես ցույց են տալիս այս տարվա առաջին 4 ամիսների վիճակագրական տվյալները, մեր տնտեսության վերականգնումն ավելի արագ է ընթանում, քան սպասվում էր: Իհարկե, դա զուտ հայաստանյան երեւույթ չէ եւ կապված է համաշխարհային տնտեսության ճգնաժամից դուրս գալու դարձյալ սպասվածից ավելի բարձր տեմպերի հետ: Ի դեպ, ճիշտ նույն կերպ մեր տնտեսության անկումն անցյալ տարի կապված էր համաշխարհային տնտեսության անկման հետ: Միեւնույն ժամանակ, ճիշտ չէ ամեն ինչ պայմանավորել միայն համաշխարհային տնտեսությամբ, քանի որ յուրաքանչյուր երկրի կառավարություն սեփական հակաճգնաժամային քայլերն է ձեռնարկում եւ ավել կամ պակաս հաջողությամբ իրագործում:
Հայաստանի կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին անցյալ տարվա ընթացքում առիթ ունեցել ենք անդրադառնալ: Սակայն դրանց արդյունքների մասին հնարավոր էր խոսել միայն որոշ ժամանակ հետո: Այս տարվա 4 ամսվա ցուցանիշները նկատի ունենալովՙ փորձենք ներկայացնել, թե ի՞նչ է հաջողվել իրականացնել տնտեսության դիվերսիֆիկացման եւ հատկապես արդյունաբերության խթանման ուղղությամբ:
Անցյալ տարվա ընթացքում, կառավարության ստեղծած օպերատիվ շտաբի միջոցով, հավանության արժանացան 44 բիզնես նախագիծ, իսկ հետագա դրական ընթացք ստացան 24-ը: Թեեւ ներկայացվել էին մոտ 300-ը, բայց վերոնշյալ 24 արտադրական ընկերությունները ստացան պետական երաշխիքներ, սուբսիդավորում, այդ թվումՙ ուղղակի վարկավորման եւ կապիտալում պետության ներգրավման ձեւով: Այդ աննախադեպ քայլով, որը կիրառելի չէ ոչ ճգնաժային ժամանակում, նպատակ դրվեց առանձին ձեռնարկություններին օգնություն ցուցաբերելով ստեղծել նոր աշխատատեղեր, զարգացնել տեղական արտադրությունը, խթանել ներմուծման փոխարինումը տեղական արտադրանքով, նոր տեխնոլոգիաների կիրառումը, ավելացնել արտահանումը: Մի խոսքով, տնտեսության իրական հատվածին տրամադրվեց 14,1 մլրդ դրամ ֆինանսավորումՙ չհաշված հանքարդյունաբերության խոշոր կոմբինատներին տրված խոշոր վարկերը:
Այս տարվա ընթացքում արդեն կառավարությունը սկսեց տեղեկացնել, թե ինչ արդյունքներ է տվել պետական միջոցներով մասնավոր ընկերությունների առաջարկների ֆինանսավորումը: Ընդ որում, գործերի ընթացքին հետեւելու նպատակով որոշ ընկերություններ այցելեց վարչապետը: Տիգրան Սարգսյանը մասնավորապես այս տարի եղավ «Բիոկաթ», «Արտֆուդ» ընկերություններում, «Թամարա ֆրուտի» հիմնած օրգանիկ այգիներումՙ Տավուշի, Վայոց Ձորի եւ Կոտայքի մարզերում:
«Բիոկաթում», «Արտֆուդում» ներդրվել են նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ, ավելացել արտադրվող տեսականին, սկսվել են արտադրվել նոր ապրանքատեսակներ, ավելացել է աշխատողների թիվը, ստեղծվել մթերքների մանրէակենսաբանական հետազոտության նոր լաբորատորիա եւ այլն: «Արտֆուդին» տրամադրված պետական խոշոր գումարիՙ 1,4 մլրդ դրամի դիմաց պետությունը դարձավ այդ ընկերության 25 տոկոս կապիտալի բաժնետերը:
Իսկ «Թամարա ֆրուտի» օրգանիկ այգիներում հիմնվել են ազնվամորու, մոշի, սեւ եւ կարմիր հաղարջի մոտ 20 հա տնկարաններ, որը ծրագրված է հասցնել մինչեւ 65-70 հա-ի: Այս դեպքում ստեղծվող աշխատատեղերի թիվը մինչեւ ծրագրի ավարտը կհասնի 600-ի:
Բացի սննդարդյունաբերությունից, մրցունակ առաջարկ ներկակացնողների թվում են եղել նաեւ արտադրութւան այլ ճյուղերի ընկերություններ: Օրինակՙ «Էլեկտրասարք» ընկերությունը, որը ճգնաժամի պատճառով գտնվում էր շատ ծանր վիճակում, քանի որ չէր կարողանում ստանալ իրացված ապրանքի դիմաց գումարը, շնորհիվ պետական 150 մլն դրամ ֆինանսավորման ոչ միայն կարողացավ պահպանել իր աշխատատեղերը, այլեւ, ձեռք բերելով նոր սարքավորումներ, սկսեց թողարկել նոր արտադրատեսակներՙ մեկուսիչ աքցաններ, ալյումինե հանգույցներ, հողանցման սարքեր եւ այլն:
Սակայն հարկ է նաեւ նշել, որ արձանագրվել է նաեւ տրամադրված գումարը ոչ նպատակային ծախսելու դեպք: Սեւանի Կատարողական սարքավորումների գործարանին տրամադրած 100 մլն դրամը իր նպատակին չի ծառայելՙ ընկերությունը ձեռք չի բերել հաստոցներ, չեն ստեղծվել նոր աշխատատեղեր: Որոշվել է տվյալ ընկերությունից հետ վերցնել տրամադրած 100 մլն դրամը:
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ճգնաժամի պայմաններում բացառապես հակաճգնաժամային նշանակություն ունեցող այս քայլը, որի մասին մասնավոր հատվածի ներկայացուցիչները նախկինում չէին էլ կարող ենթադրել, ապացուցեց իր արդյունավետությունը: Ի թիվս հակաճգնաժամային նշանակություն ունեցող այլ քայլերի, արդյունաբերության զարգացման միջոցով տնտեսության դիվերսիֆիկացման նպատակ ունեցող այս ծրագիրը եւս իր բաժինն ունեցավ այդ տարվա առաջին 4 ամիսներին արդյունաբերության գրեթե 13 տոկոսանոց աճի մեջ: Հայտնի է, որ մեր արդյունաբերության ցուցանիշների վրա հիմնականում ազդում են հանքարդյունաբերական ընկերությունները եւ մետաղների գները միջազգային շուկայում, բայց միանշանակ է, որ արտադրության այլ ոլորտների մասնաբաժինը արդյունաբերության ցուցանիշների մեջ մոտակա 1-2 տարվա ընթացքում ավելի նկատելի կլինի: