Լրանում է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (1957-1993) մահվան տարելիցը:
«Մոնթե Մելքոնյանը մեզ համար նաեւ ուսուցանող կերպար է: Նրա մուտքը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի շարքերը դրական իմաստով որակական նոր վիճակ ստեղծեց ԱՍԱԼԱ-ի ներսում, սակայն 1983-ին նա դուրս եկավ ԱՍԱԼԱ-ից», երեկ «Արմատ» ակումբում ասաց ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանը:
Մոնթե Մելքոնյանը եկել է Հայաստան 1990-ի վերջերին: Նա մեծ դեր է խաղացել Արցախի ինքնապաշտպանության եւ պատմական հայկական հողերի ազատագրման գործում:
Ալեք Ենիգոմշյանը, որը եղել է Մոնթե Մելքոնյանի մտերիմ ընկերը, նշեց, որ Մ. Մելքոնյանը մասնակցելով Արցախի ազատագրական պայքարին, շատ լավ գիտակցում էր, թե Արցախն ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի գոյության եւ ապագայի համար: Լինելով հրամանատար` իրավունքների առումով նա իրեն ամենապարզ զինվորից էլ ստորադաս է համարել: «Մոնթեի ամենակարեւոր հատկանիշներից է նաեւ նրա կամքի ուժը: Հուսահատություն բառը նրա համար գոյություն չի ունեցել, մեզ այսօր էլ անհրաժեշտ են Մոնթեի չհուսահատվելու վճռականությունն ու կամքի ուժը», հավելեց Ա. Ենիգոմշյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` հատուկ նշանակության խմբի հետախուզական դիվերսիոն խմբի հրամանատար Վովա Վարդանովը նշեց, որ սկզբում չի ցանկացել ջոկատում ընդգրկել սփյուռքահայի, այսինքն` Մոնթե Մելքոնյանին. «Երբ զրուցեցի Մոնթեի հետ, հասկացա, որ նա շատերիցս ավելի հայ էր: Մոնթեն չի սպանվել, նա իր կյանքը կամավոր զոհաբերել է այս ազգի համար»:
Վովա Վարդանովը պատմեց, որ Տյումենի հյուսիսում (Ռուսաստան) 1993 թվականին Մոնթե Մելքոնյանի զոհվելու կապակցությամբ թուրքերը նույնիսկ մեծ բանկետ էին կազմակերպել: «Սրանով էլ կարելի է չափել, թե ինչ արժեք ուներ Մոնթեն», ավելացրեց Վ. Վարդանովը:
Ի. Պ.