Ապահովագրական ծառայությունների պահանջարկի աճ Ղարաբաղում կա, եւ այդ ծառայությունների մատուցման կանոնակարգման անհրաժեշտությամբ, «Փրայմ Ինշուրանս Բրոքերս» ընկերության նախաձեռնությամբ, հունիսի 11-13-ը Ստեփանակերտում անցկացվել է հայաստանյան ապահովագրողների արտագնա համաժողով:
Ստեփանակերտում նման միջոցառման անցկացումը նաեւ նպատակ ուներ ուսումնասիրել Արցախում մատուցվող ապահովագրական ծառայությունների ներկայիս վիճակը, ինչպես նաեւ ԼՂՀ պետական կառավարման մարմինների ու կորպորատիվ ապահովադիրների հետ համատեղ ուղիներ մշակել ապահովագրական ծառայությունների ընդլայնման եւ դրանք ավելի արդիական դարձնելու համար:
Ապահովագրող ընկերությունների ղեկավարներին նախ ընդունել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Վարչապետը նշել է, որ Ղարաբաղում ապահովագրական գործը դեռեւս հեռու է բավարար լինելուց, եւ որ այդօրինակ հավաք անցկացնելը կարող է լավ խթան լինել Արցախում ապահովագրական շուկայի ձեւավորման համար: Նա հայաստանյան ապահովագրողներին առաջարկել է ներկայացնել գործնական գաղափարներ եւ դրանք իրականացնել ԼՂՀ կառավարության հետ: «Ապահովագրական հին մոդելը վաղուց փլվել է, իսկ նորը դեռ չի ձեւավորվել: Մեր տնտեսությունը կարիք ունի նպատակային ապահովագրության»,- ասել է Ա. Հարությունյանը:
Միջոցառման ծրագրի շրջանակներում ապահովագրողներին ընդունել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հաստատելով փոխշահավետ համագործակցություն հաստատելու շահագրգռվածությունը, երկրի ղեկավարը հատկանշել է ապահովագրության բնագավառում արցախյան առանձնահատկությունները, միաժամանակ շեշտելով, որ սկզբունքը պետք է լինի ոչ թե բիզնեսը, այլ բնակչության շահերի պաշտպանությունը: Արցախում ապահովագրական գործունեության որոշակի փորձ ունեցող «Գրիար Ինշուրանս» ԱՓԲԸ տնօրեն Արմեն Պետրոսյանը դժվարին է որակել նման գործունեության իրականացումը Ղարաբաղում, քանի որ նրա խոսքով` այստեղ բացակայում է ապահովագրական կուլտուրան: Միեւնույն ժամանակ, նշել է նա, իր գործընկերներն ունեն հետաքրքրական գաղափարներ, որոնք թեպետ չեն կիրառվում Հայաստանում, սակայն Ղարաբաղում կարող են արդյունավետ լինել: Արմեն Պետրոսյանի մատուցմամբ, այսօր Ղարաբաղում պրակտիկ կիրառում ունի գույքային եւ երաշխիքային պահովագրությունը: Խնդիր է դրված ապահովագրությունը լայնորեն ներդնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը եւ գյուղատնտեսությունը:
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել նաեւ Հայաստանի ապահովագրական ընկերությունների եւ ԼՂՀ ապահովադիրների գործնական հանդիպումներ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ