ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` 2009-ի նոյեմբերի 26-ի հրամանով արգելվեց 10-ից 11-րդ դասարան էքստեռն կարգով փոխադրումը: Սակայն, ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, այս տարվա ընդունելության քննություններին մասնակցեցին էքստեռն կարգով դպրոցն ավարտած 39 շրջանավարտներ, որոնց, բնականաբար, թույլ չտվեցին մասնակցել քննություններին: Երեկ ասուլիս հրավիրած կրթության տեսչության հանրակրթության տեսչավորման բաժնի պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ այդ շրջանավարտները հայտնվել են ավարտական դասարանում` խախտելով նախարարի հրամանը. «Ուսումնասիրությունները շարունակվելու են մինչեւ միջնակարգ կրթության ատեստատների հանձնումը, եւ չի բացառվում, որ այս երեխաների թիվն ավելի մեծանա», ասաց Արշակյանը: Իսկ կրթության տեսչության պետ Խաչիկ Մուրադյանի խոսքերով` իր ղեկավարած մարմինըՙ պարզելու համար, թե ինչպես է իրականացվում նախարարի վերոհիշյալ հրամանը, կատարել է ուսումնասիրություններ հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-11 դասարաններում. «Ըստ նախնական տվյալներիՙ շուրջ 3500 աշակերտ 2009-10 ուսումնական տարում ուսումը չեն շարունակել 10-րդ եւ 11-րդ դասարաններում», նշեց Մուրադյանը` շեշտելով, որ այս տարվա 39 շրջանավարտներն իրենց ուսումնասիրության ժամանակ դպրոցներում չեն ուսանել, հետեւաբար չեն եղել աշակերտ: «Այժմ մենք փնտրում ենք նրանց ամենուր, որպեսզի գտնենք, ոչ թե սովորել պարտադրելու համար, այլ ուղղակի հասկանալու, թե դպրոցից դուրս եկած երեխան ո՞ւր է: Չնայած մեր ուսումնասիրությունները դեռեւս չեն ամփոփվել, այս պահի դրությամբ դատախազություն է ուղարկվել դպրոցներում խախտումներ արձանագրած դեպքերի վերաբերյալ 53 գործ: Դատախազությունը կքննի եւ կպարզի, թե ովքեր են մեղավորները», շեշտեց Մուրադյանը: Իսկ հարցին, թե ի՞նչ է սպասում այն տնօրեններին, որոնց դպրոցներն էլ հենց տվել են էքստեռն շրջանավարտներ` Մուրադյանը պատասխանեց. «Անպայման կլինեն աշխատանքից հեռացումներ, սակայն եկեք այսօր անուններ չհնչեցնենք, ճիշտ չի լինի: Ինչ վերաբերում է այս 39 աշակերտներին, ապա նշեմ, որ մենք հետո կորոշենք, թե նրանցից ով որ դասարանից կշարունակի ուսումը»:
Հ. Ա.