«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2010-06-11 | #108, 2010-06-12 | #109, 2010-06-15


ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԿԻՄԱՆԱՆ, ԹԵ ԻՐԵՆՑ ԲՈՒԺՈՒՄՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ԱՐԺԵ

Հուլիսի 1-ից կմեկնարկի առողջապահության ոլորտում համավճարի համակարգի ներդրման փորձարարական ծրագիրը: Համավճարի մեխանիզմները ներդրվելու են կառավարության որոշումով, եւ համավճարից օգտվելու են պետպատվերով բուժվող բնակիչները: Համակարգի առաջին կրողը լինելու է «Արաբկիր» բժշկական կենտրոնը:

Երեկ «Դե ֆակտո» ակումբում առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը տեղեկացրեց, որ համավճարի համակարգի դեպքում բնակիչը վճարելու է բժշկական ծառայությունների իրական արժեքի եւ պետության կողմից վճարվող գումարի տարբերությունը: Բոլոր գները համաձայնեցվելու են բուժհաստատության, առողջապահության եւ ֆինանսների նախարարությունների հետ:

«Համակարգում այսօր կան ստվերային վճարումներ: Հիվանդին ամեն դռան հետեւում մի գին են ասում, իսկ համավճարի մեխանիզմի դեպքում հիվանդը վճարելու է միայն մի տեղում, այսինքն` հիվանդն իմանալու է` իր բուժումը կոնկրետ ինչքան արժե», ասաց Արա Տեր-Գրիգորյանը եւ ավելացրեց. «Մենք փորձում ենք ֆինանսական ստվերային հոսքերը ծառայեցնել բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը»:

Կառավարության որոշումով համավճարից ստացված եկամուտի առնվազն 65 տոկոսն ուղղվելու է աշխատավարձի ֆոնդին:

Ինչ վերաբերում է ծննդօգնությանը, այն համավճարի ծրագրի հետ կապ չունի, եւ Հայաստանում ծննդօգնությունը բոլորի համար անվճար է:

«Համավճարի համակարգի ներդրումը փորձարարական ծրագիր է, որի նպատակներից է լեգալացնել ստվերային գումարները», ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարարության բուժօգնության վարչության պետ Վահան Պողոսյանը եւ ընդգծեց. «Համավճարի կիրառումը առողջապահության ֆինանսավորման մեխանիզմում մի նոր քայլ է, հաջորդ քայլը լինելու է ապահովագրական բժշկության կիրառումը»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4