Ռուսաստանի հայկական «Երկրամաս» թերթի փոխանցմամբ` Ռուսաստանում ապրող ջավախահայերը տարածել են հայտարարություն, որում ասված է. «Համաշխարհային հանրությունը դատապարտում է Գազայի շրջափակումը Իսրայելի եւ Եգիպտոսի կողմից, սակայն միեւնույն ժամանակ արդեն քանի տասնամյակ ամբողջ աշխարհի աչքի առաջ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են շրջափակման մեջ պահել Հայաստանը: Դրա պատճառներից մեկը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցն է եւ չլուծված հակամարտությունը: Ճիշտ նույն վիճակում է նաեւ Պաղեստինը եւ մանավանդՙ Գազայի հատվածը: Այս ամենի հետ արժե նշել, որ Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, եւ համաձայն այդ կազմակերպության կանոնադրությանՙ նրա անդամների նկատմամբ ամեն մի խտրականություն անթույլատելի է: Մենք դատապարտում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները եւ կոչ անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, Անվտանգության խորհրդին, ինչպես նաեւ համաշխարհային հանրությանըՙ աջակցել Հայաստանի ապաշրջափակմանը»:
Հ. Ա.