«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2010-06-12 | #109, 2010-06-15 | #110, 2010-06-16


ԷՔՍՏԵՌՆ ԿԱՐԳՈՎ ՓՈԽԱԴՐՎԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՈՐՈՇՎԵՑ

  «Ազգը» նախորդ համարներում տեղեկացրել էր, որ ընդունելության միասնական քննություններին արգելվել էր 39 շրջանավարտների մասնակցությունը: Պատճառը` կրթության եւ գիտության նախարարի հրամանն է, ըստ որի 2009-10 ուսումնական տարում արգելվել են 10-11-րդ դասարաններ էքստեռն կարգով փոխադրումները: Նախորդ համարում մենք ներկայացրինք կրթության տեսչության հանրակրթության տեսչավորման բաժնի պետ Աշոտ Արշակյանի եւ կրթության տեսչության պետ Խաչիկ Մուրադյանի հայտարարությունները` թեմայի հետ կապված: Ըստ վերջիններիս` կրթության եւ գիտության նախարարի հրամանը չկատարելու համար նշված շրջանավարտների դպրոցների տնօրենները կազատվեն աշխատանքից, իսկ աշակերտները հնարավորությունը կստանան կրկին վերադառնալու դպրոց:

Երեկ նախարար Արմեն Աշոտյանը հստակեցում մտցրեց հարցում. «Տնօրենների հետ կապված ասեմ, որ նրանց ճակատագիրը կախված կլինի ՀՀ աշխատանքային օրենսգրքից` կլինեն տնօրեններ, որոնց կհայտարարվի նկատողություն, իսկ նրանք, ովքեր առաջին անգամ չէ, որ խախտում են անում, կազատվեն աշխատանքից», նշեց Աշոտյանը: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նախարարը վստահեցրեց, որ հարցը լուծվելու է հօգուտ նրանց. «Այդ աշակերտները կվերադառնան դպրոց եւ կշարունակեն ուսումը 11-րդ դասարանում, այսինքնՙ այն դասարանում, որտեղ էլ հենց պետք է լինեին, եթե էքստեռն կարգով տեղափոխված չլինեին», ասաց Աշոտյանը:

Իսկ թե ինչո՞ւ է այդ դեպքում նախարարությունը թույլատրել այս երեխաներին մասնակցել առաջին քննություններին, նախարարը նշեց, թե «այդ ժամանակ նախարարությունը դեռ չէր հասցրել ի մի բերել դպրոցներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները». «Դպրոցներում ուսումնասիրությունները սկսվել են դեռեւս փետրվարից, եւ դրանք շարունակվելու են մինչեւ հունիսի վերջը: Ստուգվելու են հանրապետության բոլոր դպրոցների 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտների գործերը», շեշտեց Արմեն Աշոտյանը: Նախարարն ավելացրեց, որ այդ ստուգումները լինելու են պարբերաբար. «Տարիներ շարունակ մեր դպրոցներում այս ծավալով ստուգումներ չեն անցկացվել: Ես բազմիցս եմ ասել` մեր հանրակրթության թիվ մեկ խնդիրը կառավարման որակն է», եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Մնում է հուսալ, որ հանրակրթության նման կարեւորագույն ոլորտում չեն բավարարվի միայն «թիվ մեկ» խնդիրը լուծելով, այլեւ` «երկրորդը, երրորդը...» եւ այլն:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4