«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2010-06-12 | #109, 2010-06-15 | #110, 2010-06-16


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՂԲԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Այսօր Հայաստանի բնակչության 10 տոկոսը` շուրջ 350 հազար հոգի, ունի հոգեբանի, հոգեվերլուծողի, հոգեթերապեւտի, նաեւ հոգեբույժի կարիք, սակայն գրանցված հիվանդների թիվը կազմում է ընդամենը 34 հազար:

«Շատերը չեն գիտակցում իրենց հիվանդ լինելը եւ ճիշտ մասնագետին դիմելու փոխարեն, գնում են մոմ թափողների կամ թուղթուգիր անողների մոտ», երեկ «Արմատ» ակումբում ասաց «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեբույժ-հոգեթերապեւտ Հարություն Մինասյանը : Նրա կարծիքով` հայերիս մեջ դեռեւս չի ձեւավորվել հոգեթերապեւտի կամ հոգեբանի դիմելու մշակութը:

Ամբողջ աշխարհում ամենատարածված հոգեկան հիվանդություններից է նեւրոզը: Հ. Մինասյանը նշեց, որ իրեն դիմող հիվանդների շուրջ 70 տոկոսը նեւրոզով տառապող մարդիկ են, բայց հիմա նեւրոզով հիվանդներն ավելի շատ դիմում են նեւրոպաթոլոգի, քան հոգեթերապեւտի: «Դրա պատճառը մեր տգիտությունն է: Երբեմն մարդը մտածում է, որ ինքը հոգեկան հիվանդ չէ, ուղղակի նյարդերն են խախտվել, ուրեմն պետք է դիմել նեւրոպաթոլոգի, ոչ թե հոգեբույժի», նշեց Հ. Մինասյանը:

Որ մեր բնակչությունը բժշկական նվազագույն գիտելիքների չի տիրապետում եւ առողջության հանդեպ անտարբեր է, մասնագետի կարծիքով, մեղավոր են նաեւ մեր զանգվածային լրատվամիջոցները: «Բժիշկներն իրենց սենյակներում նստած չեն կարող բժշկական գիտելիքներ պրոպագանդել, դա կարող են անել լրատվամիջոցները: Չկա որեւէ բժշկական թերթ, որը տարածի առողջապահական գիտելիքներ», տեղեկացրեց հոգեբույժը:

Ներկայումս մասնագետներին նաեւ անհանգստացնում է օրեցօր ավելացող ինքնասպանությունների թիվը: Հարություն Մինասյանն ասաց, որ Հայաստանում մոտավոր հաշվարկներով օրական մի մարդ ինքնասպան է լինում եւ, հիմնականում, երիտասարդ տարիքի մարդիկ: Ինքնասպանությունների թվի ավելանալը պայմանավորված է նաեւ հոգեբուժական ծառայության վատ դրվածքով: Ըստ Հ. Մինասյանի` հոգեբուժական ծառայությունը ողբալի վիճակում է, եւ մարդիկ էլ խուսափում են հոգեբույժի դիմելուց: Ինքնասպանություն գործողների շուրջ 90 տոկոսը հոգեկան լուրջ հիվանդություններով տառապող մարդիկ են, սակայն նոր չէ, որ մարդիկ սկսել են ինքնասպանություններ գործել: Հոգեբույժը պատմեց. «Դեռեւս Հին Հունաստանում ինքնասպանություն գործած աղջիկների մերկ մարմինները դնում էին հրապարակում, որ մարդիկ տեսնեին ու ամոթանք տային»:

«Ազգի» դիտարկմանը` ինչո՞վ է պայմանավորված, որ ինքնասպանությունների թիվն ավելացել է ոչ միայն Հայաստանում, այլեւ ավելի քաղաքակիրթ ու զարգացած երկրներում, Հ. Մինասյանը տեղեկացրեց. «Որքան երկիրը քաղաքակիրթ է, այնքան շատ են ինքնասպանությունները տվյալ երկրում: Քաղաքակիրթ երկրներում սթրեսածին գործոններն ավելի շատ են»: Հայաստանում ինքնասպանությունները հաճախ չեն գրանցվում կամ գրանցվում են որպես դժբախտ պատահարներ: Մասնագետը նաեւ նշեց, որ ինքնասպանություններ ավելի շատ գործում են հյուսիսային երկրներում, քան հարավային, եւ ավելի շատ ինքնասպան են լինում քաղաքների բնակիչները, քան գյուղերի:

Որ մարդիկ նաեւ ինքնասպան են լինում որեւէ աղանդի դրդումովՙ հոգեբույժը դա համարեց թյուր կարծիք: Շատ հոգեկան հիվանդներ հաճախ դառնում են աղանդավորներ: Բուժվելու փոխարեն նրանք ապավինում են որեւէ աղանդի, իսկ հիվանդությունը գնալով սրվում է եւ հանգեցնում ինքնասպանության: «Այստեղ մեծ դեր է խաղում մեր առաքելական եկեղեցին: Հենց մի բացասական բան է լինում, մեր եկեղեցին դա վերագրում է աղանդներին, որպեսզի հետ պահի մարդկանց աղանդներից»:

«Ազգի» հարցին, թե մեր պետությունն ինքանո՞վ է հոգում բուժվող հոգեկան հիվանդների ծախսերը, բանախոսը պատասխանեց. «Հոգեբուժական ծառայությունները միանգամայն անվճար են, իսկ նեւրոզով հիվանդների բուժումը` հիմնականում վճարովի»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4