«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2010-06-12 | #109, 2010-06-15 | #110, 2010-06-16


ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԸ ՓԱՍՏԵՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ԵՆ, ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ` ՏՈՒԺՈՒՄ

Թեպետ «Տաթեւ» գիտակրթական համալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանը դասագրքերի վիճակը գնահատում է բավարար, սակայն Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցի մանկավարժներն այդ առնչությամբ այլ կարծիք ունեն:

«Ո՛չ բավարար, ո՛չ էլ անբավարար: Դրանց մեջտեղում ինչ-որ մի դիրք», ասում են նրանք: Միայն բազմաթիվ պնդումներից հետո Մկրտչյանը «Հենարան» մամուլի ակումբում համաձայնեց, որ բնագիտության, ֆիզիկայի եւ քիմիայի դասագրքերն ակադեմիական ոճով են գրված եւ դժվար ընկալելի են: Մինչդեռ բացի ոճից ու մատուցման ձեւից, առարկան դասավանդող մանկավարժներն այլ հարցեր էլ են բարձրացնում: Տեղեկատվությունը թերի է, հաճախ` խեղաթյուրված:

25-ամյա ֆիզիկայի ուսուցչուհի Սուսաննա Հակոբյանը միաժամանակ մի քանի գրքով է դասավանդում, որ կարողանա ինչ-որ կերպ Նյուտոնի եւ Պասկալի օրենքները հասցնել աշակերտներին: «9-րդ դասարանի ֆիզիկայի դասագիրքը բարդ է: Թեմաները գրեթե նույնացված են 11-րդ դասարանի ֆիզիկայի դասագրքի հետ: 7-8-րդ դասարանների համար առանձին խնդրագիրք չկա: Դասագրքի խնդիրներն էլ քիչ են: Ստիպված, զուգահեռաբար, օգտագործում ենք այլ խնդրագրքեր: Առարկան դառնում է ինքնանպատակ, երբ միայն հանձնարարվում է պատասխանել հարցերին, որոնք շատ հեշտ են, եւ պետք է միայն դասից մի քանի տող արտագրել տետրում», «Ազգ» -ին ասաց նա:

Դպրոցի բնագիտության եւ քիմիայի ուսուցչուհի Քնարիկ Ավետիսյանն էլ փաստում է, որ 5-6-րդ դասարանի բնագիտության առարկայի դասագիրքը մատչելի չէ: «Գրքում խտացված է երեք առարկա` բնագիտություն, ֆիզիկա, քիմիա: Գրքի քիմիայի բաժնում տրված են բանաձեւեր: Եթե աշակերտը քիմիական տարրերը չի սովորել, ինչպե՞ս պետք է կերակրի աղի բանաձեը գրի», զարմանում է նա:

Նրա ներկայացմամբՙ բարդ է 9-րդ դասարանի քիմիայի դասագիրքը: «Դասերը ծավալուն են, հաճախ 4 էջի սահմաններում: Լինում են թեմաներ, որտեղ 10-15 ռեակցիա է նշված: 9-րդ դասարանի կենսաբանության առարկայի դասագիրքը լավն է, բայց սահմանափակվում է միայն դասով: Լավ կլիներ, որ թեմայի վերաբերյալ այլ հետաքրքրաշարժ նյութեր լինեին», ասում է նա: Տեխնոլոգիայի ուսուցիչ Հասմիկ Քիրաքյանի ներկայացմամբՙ արդեն երկու տարի աշակերտները տեխնոլոգիա առարակայից գրեթե ոչինչ չեն հասկանում: «Ծրագիրը շատ բարդ է: 5-րդ դասարանի աշակերտին չեն հետաքրքրում պրիզմայի մեթոդները, օպտիկան: Եթե ուսուցիչը պոլիտեխնիկ ավարտած չլինի, նա էլ գաղափար չի կազմի, որովհետեւ գիրքը գրված է պոլիտեխնիկում դասավանդող դասախոսի համար», ասում է նա:

Ամենամեծ բացթողումները հայոց լեզու եւ գրականություն առարկայի դասագրքերում են: Ուսուցիչ Գոհար Կիրակոսյանը չի զարմանում, որ ընդունելության քննության ժամանակ հայոց լեզվից խայտառակ արդյունք գրանցվեց: Հիմքը` անընդհատ փոխվող ու բարդացող դասագրքերն են: «Ուսուցիչների համար էլ է դժվար, որովհետեւ եղածը չի բավարարում: Լրացուցիչ գրականություն ենք տրամադրում: Կամ էլ տետրերի մեջ թելադրում: Հատկապես 7-րդ դասարանի հայոց լեզվի դասագիրքը թյուրիմացություն է: Հնարավոր չէ ձեւաբանությունը մեկ տարում անցնել: Նախկինում նույն ծավալով թեման դասավանդում էինք 3 տարում: Այժմ ձեւաբանության մի մասը մտցրել են շարահյուսության բաժնում: Բայը դասավանդում ենք, բայի սեռը մեկ տարի հետո ենք անցնում: Ինչպե՞ս կարելի է բայ անցնել առանց սեռը բացատրելու», ասում է մանկավարժը: Գրականության դասագրքում էլ թվականներն են խեղաթյուրվում:

«Գրերի գյուտի թվականն էր սխալ ներկայացված: Մի գրքում ներկայացված էր 4-5-րդ դդ., մյուսում` 5-6 դդ. երրորդում` 4-6 դդ: Մեսրոպ Մաշտոցի ծննդյան թիվը` 360-361 թթ., բայց որոշ գրքերում ներկայացված էր 362: Խաչատուր Աբովյանի ծննդյան թիվ ընտրում ենք 1809-ը, բայց շատ գրքերում հանդիպում ենք 1805 թ.»:

Որ տարբեր դասագրքերում հաճախ նույն իրադարձության թվերը չեն համապատասխանում, Մկրտչյանը չի հերքում, սակայն առաջարկում է ուշադրություն դարձնել ոչ թե վրիպումներին, այլ գիտելիքներին: Նա առաջարկում է դասագրքերի համար սահմանել 3 չափորոշիչ` բովանդակային, ձեւավորման, սանիտարահիգիենիկ:

Դրանցով պետք է առաջնորդվեն հեղինակները դասագրքերը կազմելիս: Այդ կապակցությամբ արդեն կազմակերպվել են մի շարք քննարկումներ: Չափորոշիչների պարագայում էլ գրքեր կարող են կազմել տարբեր հրատարակչություններ: Սա հուսադրող չէ, որովհետեւ բացառված չէ, որ չափորոշիչի պարագայում էլ տարբեր կերպ չեն ներկայացվի թվականներն ու անվանումները: Հետեւաբար պետք է դասագրքերը կազմեն ոչ թե հրատարակչությունները եւ կիրառվի դասագրքերի այլընտրանքային մեթոդ, այլ կրթության եւ գիտության նախարարությունում առանձին մարմին ստեղծվի, որը գիտնականների ու մանկավարժների համատեղ ջանքերով կկազմի դասագրքեր:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4