Տաջիկստանի խոշոր բջջային օպերատորներից մեկը` Tcell-ը, ռոոմինգ համագործակցության համաձայնագիր է կնքել ԼՂՀ-ի միակ բջջային օպերատորի` «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի հետ: Տաջիկական ընկերության բիզնես-քաղաքականության այցեքարտում նշված է. «Մենք ունենք առաքելություն` վերականգնելու մարդկանց միջեւ մշակույթային, ավանդական հարաբերությունները, ժողովրդավարական արժեքները` կոմունիկացիայի շնորհիվ»:
Այսպիսով, Տաջիկստանը համագործակցություն է սկսում Ղարաբաղի հետ, ինչը, բնականաբար, առաջացրել է Բաքվի վրդովմունքը: Tcell-ը որեւէ պարզաբանում չի տվել ադրբեջանական լրատվամիջոցներին` համաձայնագրի հետ կապված, իսկ ըստ «Վեստի.ազ»-ի, Ադրբեջանում Տաջիկստանի դեսպանատունը «խոստացել է ուսումնասիրել տվյալ հարցը»: Հիշեցնենք, որ վերջերս Իրանը ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնեց 10 կոմբայն` գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով: Այսինքնՙ իսլամական մեկ այլ երկիր` այս պարագայում անհամեմատ ազդեցիկ Իրանը նույնպես համագործակցության եզրեր ունի ԼՂՀ-ի հետ: Եթե այս ամենին գումարենք տարբեր երկրների պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների հրապարակած քարտեզները` հայկական Ղարաբաղով, արտասահմանցի տարբեր պաշտոնյաների շարունակական այցերը ԼՂՀ, որոնք զուգահեռաբար լրացնում են Ադրբեջանի «սեւ ցուցակը», եւ որոնց համար «մեծ պատիվ է անցանկալի անձ ճանաչվել Ադրբեջանում», ապա ավելի տեսանելի կլինի, որ աշխարհում, ընդ որումՙ նաեւ մահմեդական աշխարհում, մեծանում է նրանց թիվը, ովքեր որեւէ ուշադրություն չեն դարձնում ադրբեջանական հիստերիային:
Հ. ԱՖՅԱՆ