ԼՂՀ կառավարությունը հերթական նիստում որոշում է ընդունել պետբյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափն ավելացնելու մասին: Մասնավորապես, գիտության դոկտորին այսուհետեւ հավելավճար կտրվի 20 հազար, իսկ գիտության թեկնածուինՙ 10 հազար դրամի չափով:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ ստեղծվել է նոր` Ստեփանակերտի թիվ 2 պետական մանկապարտեզը, որին հատկացվել է ավելի քան 32 միլիոն 600 հազար դրամՙ ծախսերը հոգալու համար: Նորաստեղծ նախադպրոցական հիմնարկը նախատեսված է մինչեւ 360 տեղի համար: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն, պետական նոր մանկապարտեզի վերակառուցմանն օժանդակել է Արցախում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը:
Փոփոխություն կատարելով իր իսկ կողմից նախկինում ընդունված որոշման մեջ, կառավարությունը վարորդական վկայական ստանալու իրավունք է վերապահել նաեւ խլությամբ տառապող անձանց: Ինչպես կառավարության նիստում պարզաբանել է առողջապահության նախարար Սերգեյ Մովսեսյանը, այդ փորձը վաղուց է կիրառվում եվրոտարածքի երկրներում:
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ