«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2010-06-15 | #110, 2010-06-16 | #111, 2010-06-17


ԲՈՒՀԵՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ԹՈ՛Ղ ՉՈՒՆԵՆԱՆ

«Իրավուք դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ երեկ հանդիպեց կրթության եւ գիտության փոխնախարար, պետական ավարտական եւ միասնական քննությունների բողոքարկման հանձնաժողովի նախագահ Մանուկ Մկրտչյանը :

«Հայոց լեզվի եւ գրականության քննությունից հետո ստեղծված լարվածությունն ու նյարդային մթնոլորտը, կարծում եմ, արհեստածին էին, եւ այստեղ բոլորն էլ ունեն իրենց մեղքը,- ասաց Մ. Մկրտչյանը, - ի՞նչ իմաստ ունի երեխաներին նախապես գրգռելը, երբ նրանք դեռ քննություն են հանձնում: Այն մարդկանց, որոնք սիրում են ինտրիգներ, առաջարկում եմ հասկանալ, որ մենք գործ ունենեք երեխաների հետ, եւ յուրաքանչյուր հարց հնարավոր է լուծել երեխաների օգտին»:

Թե ստեղծված իրավիճակում ո՞վ ինչի՞ համար է պատասխանատուՙ հարցին բանախոսը պատասխանեց. «Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) պետք է ապահովի թեստերի որակյալ կազմումը, գաղտնապահությունը, քննությունների նորմալ ընթացքը եւ ուղեցույցների նախապես մշակումն ու բաժանումը բոլորին»: Այսինքն` քաղաքականությունը մշակում, շրջանակներն ու սկզբունքները տալիս է ԳԹԿ-ն, հետեւաբար երեխաների ու ծնողների մեջ ստեղծված նյարդային մթնոլորտի համար պատասխանատու է նաեւ ԳԹԿ-ն: Մանուկ Մկրտչյանի խոսքով` որակյալ թեստի միջին գնահատականը պետք է լինի 11-14 բալի սահմաններում: Եթե թեստի միջին գնահատականը լինում է 8-10 բալ, արդեն դա համարվում է վատ թեստ:

Ինչ վերաբերում է քննական գնահատականները բարձրացնելուն, բողոքարկման հանձնաժողովի նախագահը նշեց, որ դրան սպասելու կարիք առանձնապես չկա: Կավելանան ընդամենը 3-4 առաջադրանքների բալերը` 0,5-1 բալով: Մ. Մկրտչյանի խոսքերից հետո եզրակացությունը մեկն է` ավելորդ հույսեր ունենալ պետք չէ:

Ասուլիսի ընթացքում բանախոսն անընդհատ իրարամերժ պատասխաններ էր տալիս, սկզբում ասում էրՙ յուրաքանչյուր հարց հնարավոր է լուծել հօգուտ երեխաների, հետո էլ ասումՙ ավելացվելու են ընդամենը 3-4 առաջադրանքների բալերը, այնինչ դիմորդները կամ շրջանավարտները բողոքում են ոչ թե 3-4, այլ ավելի շատ առաջադրանքներից: Քննությունն ինքնին սթրես է դիմորդի համար, իսկ այս տարվա միասնական քննություններից հետո սթրեսների բացասական հետեւանքներն անխուսափելի են: Դժվար է ասել, քննությունը կարող է լինել ինքնասպանության պատճառ, թե ոչ, բայց ցավալի է, որ մեր իրականության մեջ քննությունն արդեն առիթ է դառնում ինքնասպանության համար:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4