«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2010-06-15 | #110, 2010-06-16 | #111, 2010-06-17


AXA-Ի ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆ ԱԿՆԿԱԼՈՂ ԳԵՎՈՐԳ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԱՆԱՐԴԱՐ ԵՆ ՄԵՐԺԵԼ

«Ես համոզված եմ, որ հայց ունեմ Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի ԱՄՆ շրջանային դատարանի «Քյուրքչյան եւ այլք` ընդդեմ ԱՔՍԱ-ի եւ այլոց դատական գործ թիվ CV 02-01750» եւ «Ուզունյան եւ այլք` ընդդեմ ԱՔՍԱ-ի եւ այլոց դատական գործ թիվ CV 05-02596» խմբային դատավարության կնքված համաձայնագրի ներքո»: Ահա այս տողով սկսվող մոտ 4000 դիմում Հայաստանից ուղարկվեցին Լոս Անջելես, Kyukjian, et. al, v. AXA, S.A., et. al., and Ouzounian, et.al., v. AXA, S.A., et. al., AXA Settlement Claim Fund, 900 Wilshire Blvd., Suite 614, Los Abgeloes, CA 90017 հասցեով:

Որ AXA ֆրանսիական բանկը ցեղասպանության զոհերի ապահովագրական գումարներից շուրջ 11 մլն դոլար փոխհատուցում էր հատկացնելու նրանց ժառանգներին` այս մասին լուրն առաջին անգամ Հայաստան էր բերել փոխհատուցման գործով զբաղվող «Վարդգես Եղիայան եւ փաստաբանական խումբ» իրավաբանական գրասենյակի տնօրեն Բարսեղ Գարթալյանը: Լուրը մեծ հետաքրքրություն առաջացրեց, Բարսեղ Գարթալյանը հետագայում եղավ «Ազգի» կայքէջի հյուրը եւ պատասխանեց ապահովադիրների ենթադրյալ ժառանգների բազմաթիվ հարցերին` ներկայացնելով դատական կարգով փոխհատուցումները ստանալու եւ կարգավորող հանձնաժողովին դիմելու կարգը: Այնուհետեւ բացվեց www.armenianinsurancesettlementaxa.com կայքը, որտեղ ներկայացված էին ապահովադիրների մոտ 7 հազար ազգանուն, դիմելու պայմանները եւ անհրաժեշտ փաստաթղթերի պահանջը: Դիմելու սկզբնական ժամկետ էր նշանակված 2007 թվականի հոկտեմբերի 1-ը: Սակայն ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանի մարզերի բնակիչներն իրազեկման պակաս ունեն եւ չեն հասցնում դիմել: Դիմելու ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվեց մինչեւ 2008 թվականի հունվարի 7-ը: Հայաստանի արդարադատության նախարարությունում ստեղծվեց իրավախորհրդատվական հանձնաժողով , որն անվճար սկսեց խորհրդատվություն տրամադրել, կազմել դիմումները եւ պատվիրված փոստով ուղարկել Լոս Անջելես:

Թեեւ գործով զբաղվող փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչը խոստացել էր ապահովագրությունների տերերի բնակության վայրերի մասին տեղեկություն տեղադրել կայքում, ինչը կհեշտացներ փնտրելու ապահովադիր հարազատի անունը, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ:

Ահա այս նախապատմությունից հետո այս տարվա փետրվարին արդեն հայտնի դարձան այն մարդկանց անուն-ազգանունները, որոնք պետք է փոխհատուցում ստանային: Սակայն մեր պատմությունը վերաբերում է մի մարդու, որը հիմքեր ուներ հավատալու, թե ինքը փոխհատուցման արժանի ժառանգներից մեկն է լինելու, սակայն նա մերժվել է եւ իր կարծիքով` անարդար:

Գեւորգ Գալուստի Սողոմոնյանը երեք տարի առաջ փոխհատուցման ենթակա ժառանգների ցուցակում իր պապի ` Գեւորգ Սողոմոնի Սողոմոնյանի անուն-ազգանունը որպես AXA-յի ապահովադիր կարդալուց հետո ներկայանում է արդարադատության նախարարություն, հետո սկսում փաստաթղթեր հավաքել, արխիվներից հանում բոլոր թղթերը, որ ապացուցում էին ապահովադիրի թոռը լինելը, Իզմիրի մոտակայքում գտնվող Նալլըհան բնակավայրից ծագած լինելը, իսկ ամենից գլխավորը` ներկայացնում է 100 տարուց ավելի պահած 30-ից ավելի ապահովագրական անդորրագրերը, որոնք իր պապը գաղթելիս դրել է ծոցն ու փրկել: Դրանց պատճենները եւս ներկայացվել են արդարադատության նախարարություն, տեղադրվել Գեւորգ Սողոմոնյանի գործերի մեջ. «Ես կասկած չունեի, որ առաջիններից մեկը ես պետք է անցնեմ: Երբ հետաքրքրվում էի, փաստաթղթեր ընդունող աղջիկն ասում էր, որ նման անդորրագրեր ոչ մեկի ձեռքին համարյա չկա. L. UNION-ի Կոստանդնուպոլսի գրասենյակի տված անդորրագրերն են առ այն, որ նպարավաճառ Գեւորգ Սողոմոնյանից ստացվել է այս կամ այն ապահովագրական վճարը:

Գեւորգ Սողոմոնյանի թոռ Գեւորգ Սողոմոնյանի հետ դիմել են նաեւ իր եղբայրն ու քույրը, հորեղբայրների ժառանգները` թվով 5 անձ:

Պատասխանն այս տարվա սկզբում է եկել: Ավելի ստույգ` նախ «Հայաստանի Հանրապետության» փետրվարի 4-ի համարում է Գեւորգ Սողոմոնյանը կարդացել, որ մոտ 13700 դիմորդներից չմերժվածներին 17 մլն դոլար ընդհանուր ծավալով գումարից 11 մլն է փոխհատուցվելու. «Այդ օրերին էլ հենց նամակ ստացանք, որտեղ անգլերենով գրված էր. «Ցավում ենք, բայց դուք մերժված եք: Մերժումը բողոքարկման ենթակա չէ»: Ոչ մի այլ բացատրություն: Մերժվել են նաեւ մյուս հարազատները:

Մորական պապի անունն էլ է եղել AXA-ի ցուցակներում, նրա անունով էլ էր դիմել, այդ եւս մերժվել է:

Գեւորգ Սողոմոնյանը համարել է, որ իրեն չհիմնավորված են մերժել եւ որոշել է զբաղվել այդ մերժումով եւ... նամակով դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Մի քանի օր առաջ ՄԻՊ գրասենյակից նամակ է ստացել, որ իր պահանջն իրավացի եւ օրինական է ու արդյունքների մասին կիրազեկեն: Գ. Սողոմոնյանը մտածել է, թե ՄԻՊ գրասենյակում նոր-նոր սկսել են զբաղվել իր դիմումով, եւ խելոք սպասում է...

Ավելացնենք, որ Սողոմոնյանի պապը եւ Կոմիտաս Վարդապետը հորեղբորորդիներ են: Կոմիտասը Քյոթահիայից էր, իսկ իր պապըՙ Իզմիրին մոտիկ Նալլըհան բնակավայրի բնակիչ:

Իսկ թե արդյոք «Ազգի» այս հրապարակմանը կարձագանքե՞ն Լոս Անջելեսիցՙ փոխհատուցումների գործով զբաղվող գրասենյակից, համբերություն ունենք` կսպասենք:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4