ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը օրերս հրավիրել էր ժողով` քննարկելու «Ուսանողական այգու» ճակատագիրը: Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս առաջ այգին, որը հանրային սեփականություն է, տրամադրվել էր վարձակալության: Կատարվել էին ծառահատումներ, հիմք է գցվել եւ կառուցվում են սրճարաններ: Ժողովի ընթացքում ելույթ ունեցած գիտնականները կարեւորել են այգու նշանակությունը: Այգում գտնվող աստղադիտարանը եւ Վիկտոր Համբարձումյանի արձանը քաղաքի, ուսանողական թաղամասի, Ազգային գրադարանի հետ ստեղծում են ընդհանուր համալիր` դառնալով կրթության եւ գիտության խորհրդանիշ:
«Սակայն արձանը եւ աստղադիտարանը Տերյան եւ Աբովյան փողոցներից հնարավոր չէ դիտել, որովհետեւ այնտեղ ծավալվում է շինարարություն: Մի քանի ամիս անց արձանն ու այգին կներկայանան նոր շրջապատով` նոր շինությունների հարեւանությամբ, ինչը կխաթարի այգու առաքելությունը»:
Հաշվի առնելով այգու կարեւորություն ու ուսումնադաստիարակչական նշանակությունը, ժողովին մասնակից գիտնականներն այգում որեւէ տեսակի շինության կառուցումը որակել են անհնար եւ անթույլատրելի:
Փաստաթղթում նրանք պահանջել են քաղաքապետարանից դադարեցնել շինարարական աշխատանքները, այգուն վերադարձնել նախկին կանաչազարդ տեսքը:
Պահանջ-փաստաթղթի տակ իր ստորագրությունը դրած ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն «Ազգ» -ի զրույցում ասաց, որ նկատի առնելով նախորդ փորձերը, վստահ չէ, որ իրենց պահանջը հաշվի կառնվի, սակայն լռել ու ոչինչ չձեռնարկել էլ չեն ցանկանում.
«Հռչակավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի արձանն են տեղադրում, նրա անվան համաշխարհային մրցանակ սահմանում ու միաժամանակ արձանը չորս կողմից շրջապատում սրճարաններով եւ այլ շինություններով: Որպես գիտնական, մտավորական չէի կարող անտարբեր մնալ եւ իմ դժգոհությունը չարտահայտել», ասաց նա:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները Երեւանի ավագանու անդամներին նամակներ են փոխանցել այգում շինարարության դադարեցման եւ կանաչ գոտիների վերականգնման հարցը Երեւանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառելու եւ քննարկելու նախաձեռնությամբ եւ խնդրել նրանց աջակցությունըՙ ձեռք բերելու այգում կատարվող շինարարության վերաբերյալ փաստաթղթեր:
«Երբ կապ հաստատեցինք ավագանու անդամների հետ, շատերն ապարդյուն փորձում էին քաղաքապետարանում գտնել իրենց հասցեագրված դիմումները: Դրանք դիտավորյալ չեն փոխանցվել հասցեատերերին` «կորելով» քաղաքապետարանի աշխատակազմում կամ խմբակցությունների ղեկավարների մակարդակում: Երեւանի ավագանու եւ նրա ընտրողների միջեւ կապի խոչընդոտումը հակաժողովրդական եւ ապօրինի քայլ է», ասաց նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը :
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ