«Ամառը գար, արձակուրդ վերցնեինք ու...»: «Ու» ի՞նչ: Ոչինչ կամ գրեթե ոչինչՙ հայաստանաբնակների մեծ մասի համար մի պարզունակ-պարզունակ պատճառովՙ հնարավորություն չկա:
Թե ինչպիսին են տնտեսաիրավական հարաբերությունները Հայաստանումՙ բոլորիս աչքի առաջ է, բոլորս այդ համակարգի, չասենք, զոհեր, բայց մասնակիցներ ենք, բոլորս տեսնում, մեկ-մեկ էլՙ գործից ազատ ժամանակ (5-10 րոպեՙ քնելուց առաջ)ՙ մտածում-հասկանում ենք, որ ծայրը ծայրին հասցնելու համար մեկ աշխատանքով բավարարվել նույնն է, թե գործազրկության կրկնակի նպաստ ստանալ ու... Վազում ենքՙ քարացած-անտարբեր ուղեղում միայն հասցնելու, չուշացնել-չուշանալու ցանկություն ունենալով, մեկ-մեկ երանի տալով մեկըՙ գործազուրկին, մյուսըՙ 5-6 աշխատատեղ ունեցողին:
Աշխատանքային օրենսգիրք, պայմանագիր, աշխատողի իրավունքներ, ֆլան-ֆստանՙ ինչ-որ տարօրինակ, ժամանակ առ ժամանակ թերթերից կամ հեռուստացույցից նշմարվող արտահայտություններ են, որոնք խանութի վաճառողուհուն, տոնավաճառում կանգնողին, տաքսու կամ երկաթուղային վարորդին, ծաղկավաճառին կամ սեւագործ բանվորին ու էլի շատ-շատերի համար անհասկանալի-ծիծաղելի են, քանի որ աշխատանքից զրկվելու վախը կամազուրկ եւ գործատիրոջ քմահաճույքները տանող է դարձնում մեծամասնությանը: Իսկ այդ մեծամասնությունը մարդիկ են, մարդիկ, ովքեր առավոտից մինչեւ ուշ երեկո, առանց հանգստյան օրերի աշխատելովՙ վերածվում են մեխանիզմի միայն մեկ «բացասական» տարբերությամբ, որ, այնուամենայնիվ, մնում են միս ու արյունից ու գերհոգնում-սպառվում ենՙ մեկըՙ օրեր, մյուսըՙ թեկուզ տարիներ անցՙ երեւակայության հեռավոր մի անկյունում երազելով հանգստյան օրի, էլ չասենքՙ միքանիօրյա արձակուրդի մասին: Արձակուրդ, որը ստիպված չեն լինի անցկացնել հեղձուցիչ բնակարանում կամ միքանիօրյա այլ աշխատանք կատարելով: Արձակուրդ, որը բավարար կվճարվի, ասենք, Միջերկրականի ափերին 1-2 շաբաթ հանգստանալու, նոր լիցքեր ստանալու ու կրկին ամբողջ տարին աշխատելու, մի քանիսըՙ ի շահ իրենց, շատ-շատերըՙ ի շահ գործատիրոջ գրպանի:
Հա, շքեղություն չթվա հանկարծ արտասահմանում հանգստանալու ցանկությունը. հայաստանյան հանգստավայրերն ու այն էլՙ վաղուց, հասու եւ մատչելի են միայն անչափելի հարուստ մարդկանց համար:
Ավելի լավ չէ՞րՙ շրջանցեինք ամառը...
ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ, Report.am