Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Կիեւի Սուրբ Սոֆիայի տաճարի պատին հայտաբերվել են հայերեն փորագրություններ: Տաճարը, ըստ լեգենդների, համարվում է Ուկրաինայի եւ Կիեւի պահապանը: Որոշ գիտնականների պնդմամբՙ Սուրբ Սոֆիան հիմնադրվել է 1037-ին, սակայն, ինչպես վկայում են տաճարի պատի փորագրությունները, այն շատ ավելի հին պատմություն ունի: Իսկ այդ փորագրություններից ավելի քան երկու տասնյակը հայերեն են, որոնք արժեքավոր տեղեկություններ են հաղորդում Ուկրաինայում դարեր առաջ հաստատված հայ համայնքի, նրա նշանավոր ներկայացուցիչների մասին: Ինչպես «Ազատությանը» հայտնել է տաճարում հետազոտություններ անցկացնող գիտաշխատողներից Վյաչեսլավ Կոռնիենկոն , հայկական փորագրությունները հայտնաբերվել են դեռեւս 1970-ին. «Սակայն ի տարբերություն սովետական ժամանակների, այժմ փորագրություններն ուսումնասիրվում են մի փոքր այլ մեթոդներով, որը հնարավորություն է տալիս նոր մանրամասներ իմանալ դրանց վերաբերյալ», նշել է Կոռնիենկոն:
Հայերեն փորագրությունների վերաբերյալ գիտաշխատողը նշել է, որ հայկական արձանագրությունների առատությունն այս խորանում գիտնականներին հիմք է տալիս եզրակացնելու, որ նախքան Կիեւի հայկական եկեղեցին հիմնելը հայերն իրենց եկեղեցական արարողությունները կատարում էին հենց Սուրբ Սոֆիայում: «Հայկական փորագրությունները հայտնաբերվել են տաճարի կենտրոնական մասում գտնվող Անտոնիայի եւ Թեոդոսիայի խորաններում, ինչը վկայում է, որ հայերը վայելել են տեղացիների հարգանքը, եթե կարողացել են այդ խորանները ստանալ` սեփական եկեղեցական արարողությունները անցկացնելու համար», նշել է Կորնիենկոն:
Միեւնույն ժամանակ աշխարհի մյուս ծայրում` Բուենոս Այրեսի խորհրդարանը որոշում է կայացրել տեղի հայկական Սուրբ Գեւորգ Լուսավորիչ մայր տաճարին տալ պատմական հուշարձանի կարգավիճակ, այս մասին նույնպես տեղեկացնում է «Ազատությունը»: Ռադիոկայանին տված հարցազրույցում Արգենտինայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը նշել է, որ տեղի հայության համար այս որոշումը խիստ կարեւոր է, քանի որ «համայնքը կարող է իր ձայնը տեղ հասցնել: Պատմական հուշարձան դառնալով` մայր տաճարն իր արժանի տեղը կունենա», նշել է արքեպիսկոպոսը:
Հիշեցնենք, որ արգենտինահայ համայնքի բարձր դերի մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ շաբաթներ առաջ Բուենոս Այրեսում արգելվեց Քեմալ Աթաթուրքի կիսանդրու տեղադրումը, որի պատճառով Թուրքիայի վարչապետը չեղյալ հայտարարեց իր այցելությունը Արգենտինա:
Հ. Ա.