Ինչպես երեկ տեղեկացրեց «Ազգը»` հունիսի 17-19 նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կգնտվի Սանկտ Պետերբուրգում: Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաքում» ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու մեկնած Հայաստանի պատվիրակության կազմում են նաեւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ այլք: Երեւանի ժամանակով ժամը 19-ին Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Կոնստանտինյան պալատում նախատեսված էր Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումը, սակայն այն հետաձգվեց 20 րոպեով: Նախագահների հանդիպմանը հատկացվել էր ընդամենը 30 րոպե, ինչը, փաստորեն, նախօրոք հստակեցնում էր, որ այս հանդիպման հետ էական հույսեր կապելը սխալ է. 30 րոպեում, բնականաբար, նախագահներին չէր հաջողվի լուրջ քննարկումներ ծավալել, մանավանդ` լուծումների ճանապարհներ գտնել: Չնայած հանդիպումը նախատեսվածից բավական երկար տեւեց, դրանց ընթացքը ապացուցում է հանդիպումից որեւէ լուրջ սպասելիք չունենալու կանխատեսումների արդարացիությունը: Այսպես, ըստ News.am-ի, նախագահ Մեդվեդեւը սկզբում հետաքրքվել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի որպիսությամբ, ինչին Հայաստանի նախագահը պատասխանել է. «Անձամբ ինձ ամեն ինչ դուր է գալիս»: Այնուհետեւ Մեդվեդեւը խոսել է պետերբուրգյան այս տարվա «անբնական տաք մայիսից եւ խիստ ձմեռից», որից հետո լրագրողներին խնդրել են հեռանալ բանակցությունների սենյակից: Հանդիպումից հետո Մեդվեդեւի անունից մատուցվել է աշխատանքային ճաշ, նախագահներն այցելել են նաեւ պալատի մառան: Երեկ երեկոյան դեռեւս չկար որեւէ հստակեցումՙ կկայանա՞ արդյոք Սարգսյան-Ալիեւ դեմ առ դեմ հանդիպումը: Նախագահների եռակողմ հանդիպմանն ավելի մանրամասն «Ազգը» կանդրադառնա վաղվա համարում, ամենայն հավանականությամբ հենց վաղն էլ կլինեն որոշ հայտարարություններ:
Հ. Ա.