«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2010-06-16 | #111, 2010-06-17 | #112, 2010-06-18


«ՍՈՒՐՃ ԿԽՄԵ՞Ն», ԹԵ՞ «ԿԱՐԵՎՈՐ ԷԼԵՄԵՆՏ ԿՄՏՑՆԵՆ»

Հունիսի 17-19 նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում: Ինչպես նախորդ համարում տեղեկացրեց «Ազգը» ` հիմնվելով նախագահի մամուլի գրասենյակի տարածած հայտարարության վրա, Սանկտ Պետերբուրգում նախատեսված է Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումը: Բնականաբար նախագահների քննարկման առարկա լինելու է առաջին հերթին ղարաբաղյան հակամարտությունը: Այս կապակցությամբ երեկ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը հրավիրած ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց, որ նախ այս հանդիպման եռակողմ ձեւաչափը վկայում է, որ Թուրքիան անելիք չունի գործընթացում. «Բանակցային սեղանի շուրջը նստած չէ ԼՂՀ-ն, հետեւաբար ակնկալել ինչ-որ մեծ արդյունքՙ ուղղակի հնարավոր չէ: Մյուս կողմից էլ` հիշենք Մայնդորֆը, Սոչիի հանդիպումը, որից հետո տարածվեց հայտարարություն, թե հստակեցվել են մադրիդյան սկզբունքների նախաբանի ինչ-ինչ էլեմենտներ: Հետեւաբար այստեղ նույնպես հնարավոր է, որ նոր դետալ կամ էլեմենտ ավելանա», նշեց Բեքարյանը: Նույն առիթով Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը հայտարարել է, որ ինքն այդ հանդիպումից ոչինչ չի սպասում. «Լրիվ անկեղծ որ ասեմ` Պետերբուրգում նախագահները սուրճ կխմեն (այնտեղ բավական լավ սուրճ կա), գարեջուր կխմեն ու կվերադառնան: Բացարձակապես ոչինչ չի լինի», նշել է Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիային ղարաբաղյան գործընթացից դուրս թողնելուն, ապա Սարգսյանը նկատել է, որ դա կատարվել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի շնորհիվ. «Չնայած նախագահ Մեդվեդեւն ամեն կերպ ցանկանում էր Թուրքիային ներգրավվել տարածաշրջանային գործընթացներում, այդ թվումՙ Ղարաբաղում, վարչապետ Պուտինը դա թույլ չտվեց` հասկանալով, որ Կովկասում ստատուս քվոյի փոփոխությունը կբերի ոչ միայն Ղարաբաղի կորստին` Հայաստանի համար, ոչ միայն Նախիջեւանի կորստին` Ադրբեջանի համար, այլ կհանգեցնի պատերազմական գործողությունների վերսկսմանը` Հարավային Կովկասում», նշել է Սարգսյանը, որի խոսքերովՙ այսօր գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ (ոչ միայն այս հարցում - Հ. Ա.) Մեդվեդեւի եւ Պուտինի միջեւ:

Ընդ որում, ըստ Սարգսյանի, հայկական քաղաքական դաշտում մի թեւն աշխատում է Մեդվեդեւի հետ, մյուսը` Պուտինի: Արայիկ Սարգսյանը, սակայն, որեւէ ապացույց չի տվել հատկապես Պուտին-Մեդվեդեւ «հակամարտության» վերաբերյալ, մինչդեռ ՌԴ նախագահն ու վարչապետը չեն հոգնում կրկնելուց, որ իրենց մեջ ամեն ինչ կարգին է, եւ իրենք աշխատում են փոխհամաձայնեցված:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4