Եկող երեքշաբթի հավանաբար կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, ուր կշարունակվի օտարալեզու դպրոցներ բացելու օրենսդրական փաթեթի քննարկումն առաջին ընթերցմամբ: Քննարկումն սկսվել էր ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայում եւ զուգահեռվել օտարալեզու դպրոցների բացման դեմ հասարակության տարբեր շերտերի բողոքի գործողություններով: Մեր տեղեկություններով` անցած շաբաթավերջին նախագահ Սարգսյանն օտարալեզու դպրոցների խնդիրը քննարկել է ՀՀԿ խորհրդի նիստում, իսկ ավելի ստույգ` լսել է խորհրդի անդամների տեսակետներն օրենսդրական փաթեթի եւ հասարակությունում առկա մտահոգությունների վերաբերյալ: Ըստ տեղեկությունների` ՀՀԿ խորհրդի անդամները նախագահին ներկայացրել են, թե արդեն լրացված եւ նոր փոփոխություններով առաջին ընթերցման ներկայացված փաթեթում տրված են բոլոր մտահոգիչ պահերի օրենսդրական լուծումները: Նախագահն այս տեսակետները լսել է, իսկ թե ի՞նչ եզրահանգման է եկել` արդեն հայտնի կդառնա նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ականների պահվածքից:
Երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից հետաքրքրվեցինք` արդյոք հնարավո՞ր է, որ կառավարությունը, նկատի ունենալով հասարակական բացասական արձագանքը, հետ վերցնի փաթեթը: Ա. Դավթյանն այդպիսի տեղեկություններ չուներ, մանավանդ արտահերթ նիստը քթի տակ է: Չնայած մեր առավել ճշտող հարցերին ի պատասխան` այնուամենայնիվ ավելացրեց, որ ոչինչ բացառել հնարավոր չէ, եւ կյանքն անշարժ մի բան չէ: Իսկ փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումները հենց հանձնաժողովի որոշմամբ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ են տեղի ունենալու: Իսկ ըստ նույն հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի` մտահոգությունների լուծման ուղիները փաթեթում ուրվագծված, ասել է թե` փարատված են: Օրինագիծը հետ վերցնելը նա անտրամաբանական է համարում, քանի որ գտնում է` գաղափարն ինքնին լավն է, իրականացման ճիշտ տարբերակը պետք է գտնվի ուղղակի:
Մ. Խ.