«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2010-06-16 | #111, 2010-06-17 | #112, 2010-06-18


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՆԱՊԱՏԻ

Տեղակայված լինելով երաշտային տարածաշրջանում` Հայաստանը գտնվում է անապատացման զանազան երեւույթների ազդեցության տակ, որոնք բնության նախապայմանների, մարդկային գործոնի եւ տնտեսության մեջ անցումային ժամանակահատվածի պատճառով վերջին շրջանում բավական ուժեղ են դրսեւորվում: Հայաստանի տարածքների միայն 10 տոկոսն է պատված անտառներով: Մնացած հողերը օգտագործվում են գյուղատնտեսական, բնակելի եւ արդյունաբերական նպատակներով, ինչից հանրապետության տարածքի 80%-ն անապատացման զանազան ռիսկերի է ենթարկվում: Մտահոգությունը ՀՀ բնապահպանության նախարարության բիոռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալ, ՄԱԿ-ի անապատացման եւ երաշտի դեմ պայքարի կոնվենցիայի համակարգող Աշոտ Վարդեւանյանինն է, տվյալները` նույնպես:

Հայաստանը կամաց-կամաց վերածվում է անապատի` անտառների անօրինական հատման, անասունների գերարածեցման եւ տնտեսության սխալ կազմակերպման հետեւանքով: Գյուղատնտեսության սխալ կազմակերպումը նույնպես լուրջ գործոն է: Հատկապես վնասակար է հողերը միեւնույն ցանքսային կուլտուրայի տակ օգտագործելը: «Հողային տարածքները քիչ են, եւ դրանց վրա անհնար է բազմաթիվ անգամ ցանք կազմակերպել: Այդ հողերը հաճախ ուղղակի սպառվում են: Գյուղատնտեսական նպատակներով նման հողերի օգտագործման ժամկետը, որը կարող էր 100-150 տարի հասնել, 10 անգամ կրճատվում է», ասաց Աշոտ Վարդեւանյանը:

Նրա մեկնաբանությամբՙ անապատացման դեմ պայքարը զուտ բնապահպանական հարց չէ եւ ներառում է սոցիալական ու տնտեսական խնդիրներ: Վարդեւանյանը որեւէ տեղեկություն չհայտնեց Երեւանի կանաչապատման, կանաչ տարածքների պահպանման վերաբերյալ` նշելով, որ դրանով զբաղվում է քաղաքապետարանը: Ոչնչացված եւ տնկված անտառատարածքների ուսումնասիրությամբ զբաղվող անտառների մոնիտորինգի համակարգն էլ գործում էր գյուղնախարարության ենթակայությամբ, ու Վարդեւանյանն այդ կապակցությամբ էլ որեւէ կոնկրետ բան չասաց:

Վարդեւանյանի համոզմամբՙ Հայաստանի անապատացման դեմ շատ բան է արվել: Հատուկ ֆոնդ է ստեղծվել, ուր ընդերքը շահագործողը պետք է գումար վճարի հետագայում շահագործված տարածքի վերականգնման համար: Թե որքան գումար է հավաքվել ֆոնդում եւ օգտագործվե՞լ է իր նշանակության համար հարցին էլ պատասխանեց. «Ես ֆինանսիստ չեմ»:

Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, երբ բնապահպանության նախարարությունը ահազանգում է երկրում բնապահպանական լուրջ իրավիճակի մասին, միաժամանակ ոչինչ չի ձեռնարկում եւ թույլատրում է, որ Հայաստանն անապատացվի: Նախարարության լուռ համաձայնության եւ գլխիկոր դիրքորոշման հետեւանքով այսօր Ուսանողական այգում ընթանում է շինարարություն, իսկ Խոսրովի անտառ պետական արգելոցում ստեղծել են «Գիլան» արգելավայր, այն հերթական խրախճանքի վայր դարձնելու համար:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4