«Գնում էինք ախուվախով, լացուկոծով` ամեն րոպե սպասելով թշնամու հարձակմանը: Հոգնածությունից եւ սովածությունից շատերը չէին կարողանում շարունակել ճանապարհը: Կային մարդիկ, որոնք, չկարողանալով շալակած տանել իրենց երեխաներին, թողնում էին նրանց մի առվի կամ թմբի մոտ եւ լացելով, ողբալով հեռանում», այս տողերի հեղինակը վանեցի Արտաշես Փխրիկյանն է, որը Վանից գաղթել է Երեւան 1915 թվականին: Այդ ժամանակ նա եղել է 21 տարեկան, Արտաշես Փխրիկյանը (1894-1979 թթ.) այն բազմաթիվ հայերից մեկն է, որոնք Մեծ եղեռնի օրերին պարտադրված բռնել են գաղթի ճանապարհը: Տարիներ անց Արտաշես Փխրիկյանը թղթին է հանձնել գաղթի մասին իր դառը հիշողությունները` ստեղծելով «Մեր գաղթը» հուշագրությունը:
Արտաշես Փխրիկյանը նաեւ 1915-ի Վանի Հերոսամարտի մասնակիցներից է, ընդգրկված է եղել ռամկավար Գալուստ Միրիջանյանի մարտական ջոկատում:
«Հազիվ էինք ազատվել 1915-ի ապրիլյան ինքնապաշտպանական կռիվներից, եւ ժողովուրդը սկսել էր կարգի բերել իր քանդված տնտեսությունը, երբ տեղական իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ ռուսական բանակը նահանջում է Վանից, ու ժողովուրդը, որքան կարող է շուտ, քանի թուրքերը չեն գրավել Բերկրի գետի կամուրջը, պետք է դուրս գա Վանից եւ Իգդիրի ճանապարհով գաղթի դեպի Երեւան», գրում է Արտաշես Փխրիկյանը: Վերջինիս անտիպ հուշագրությունը` «Մեր գաղթը», «Ազգին» սիրով տրամադրել է Ժիրայր Փխրիկյանը` նրա որդին, որը հիմա ապրում է Երեւանում: Ժ. Փխրիկյանն արեւմտահայերենով գրված հուշերը դարձրել է ավելի մատչելի` վերածելով արեւելահայերենի:
Իր հուշագրությունում Արտաշես Փխրիկյանը պատմում է. «Կողոպտված ժողովուրդը նոր էր սկսել վերականգնել իր տնտեսությունը, ուստի գաղթի համար էլ ի՞նչ փոխադրամիջոցներ կարող էր ունենալ: Ոմանք ունեին ընդամենը մի կով կամ մի եզ, լավագույն դեպքում` մի սայլ, իսկ քաղաքացին ոչինչ չուներ, բացի իր երկու ոտքից: Մեր ընտանիքը բաղկացած էր 3 անձից` հայրս, մայրս եւ ես: Հայրս 80 տարեկան էր, մայրս` 67, նաեւ ունեի ինձնից մեծ 2 ամուսնացած քույր: Հայրս ինձ ուղարկեց քույրերիս հետեւից, որովհետեւ նրանք էլ էին մեր հետ գաղթելու»:
Կարճ ժամանակում պատրաստվելուց հետո Փխրիկյանների ընտանիքը բռնում է գաղթի դժնի ճանապարհը: Նույն օրը երեկոյան հասնում են Գյոլու գյուղ, որտեղ գիշերում են եւ առավոտյան նորից ճամփա ընկնում: Ահ ու սարսափը պատել էր ժողովրդին, եւ մարդիկ, ոչ մի արգելքի առջեւ չկանգնելուվ, ուզում էին որքան հնարավոր է շուտ հասնել Բերկրի գետի կամուրջը:
«Երկրորդ օրը հասանք Բերկրի գյուղ` ամենավտանգավոր տեղը: Գիշերը չկարողացանք լավ հանգստանալ: Գիշերվա կեսն արդեն անցել էր, երբ հասանք գետի կամուրջը: Կես կիլոմետր էլ չէինք անցել, երբ ռուսները փակեցին կամուրջը, որպեսզի սկզբում անցնեն զինվորները, հետո` ժողովուրդը: Երեկոյան ժամը 7-ի մոտ էր, երբ հայրս կարգադրեց կանգնեցնել անասունները, բաց անել վերմակներն անասունների վրա եւ մտնել նրանց տակ,- գրում է Ա. Փխրիկյանը,- ապա սկսեց կարկուտ տեղալ բաց դաշտում կուչ եկած, հոգնած ու տանջված ժողովրդի վրա: Դա տեւեց 20 րոպե, հետո թրջված ու կարկտահարված ժողովուրդը, անիծելով իր օրը, շարունակեց ճանապարհը»:
Հաջորդ գիշերը վանեցիներն անցկացնում են Գավրելամի գյուղում, իսկ չորրորդ օրը երեկոյան հասնում են Մասիս լեռան ստորոտը` Կարաբուլաղ:
«Մեզնից հետո եկողները պատմում էին, որ Բերկրի գետի մոտ` Սեւ Գռա կոչվող լեռներից թուրքերը հարձակվել են, որպեսզի փակեն ճանապարհը: Ժողովրդի միջից զինված տղամարդիկ կռվել են ու հետ մղել թշնամուն: Այդ պահին ժողովուրդը խառնվել է իրար, ոմանք թշնամու ձեռքը չընկնելու համար իրենց գետն են գցել», գրում է հեղինակը:
Փխրիկյանների ընտանիքը մեծ դժվարություններ հաղթահարելուց հետո վերջապես հասնում է Իգդիր, ապա` Էջմիածին:
«Այնքան ժողովուրդ հավաքվեց Էջմիածնում, որ վանքի բակում էլ տեղ չկար: Կեղտոտության ու գարշելի հոտի պատճառով այլեւս հնարավոր չէր մնալ վանքի բակում: Որոշեցինք գնալ Երեւան,- պատմում է Ա. Փխրիկյանը,- երեւանցիները, սակայն, չէին ցանկանում, որ իրենց բակերում գաղթականներ ապրեին: Եթե մեկը մյուսին հարցնում էր . թե ովքե՞ր են տուն ուզողները, պատասխանում էին. «Հայեր չեն, գաղթականներ են»: Նույնիսկ մի թեշտ կամ աման չէին տալիս գաղթականներին»:
Ըստ հուշագրության` մի օր Ղանթարի շուկայում թուրք խանութպանը սպառնացել ու ստիպել է մի գաղթականի, որ վերջինս գնի չամիչով լի արկղը, որովհետեւ գաղթականը դիպչել էր չամիչին, ուրեմն կեղտոտվել էր արկղի ողջ չամիչը: Ա. Փխրիկյանը գրում է, որ խանութպանի թուրք հարեւանները շրջապատել էին գաղթականին եւ հայհոյում, խանչալներով սպառնում էին նրան: Վերջինս էլ գրպանից հանել է ատրճանակն ու կրակել օդի մեջ: Ատրճանակի ձայնից հավաքվել են հայ կամավորականներն ու պաշտպանել հային: Հաջորդ օրվանից թուրքերն ուտելիքը 2 մասի էին բաժանում. դրսում դրվածը վաճառում էին հայերին, ներսում դրվածը` թուրքերին:
Հայ գաղթականների համար կյանքը Երեւանում բնավ դրախտային չէր, սակայն ամենածանրն այդ ժամանակ համաճարակային հիվանդություններն էին: Այնքան շատ մարդիկ էին մահանում, որ ֆուրգոնները, քաղաքում շրջելով, հավաքում էին մահացածներին: Փխրիկյանների ընտանիքը, ճիշտ է, կարողացավ փրկվել թշնամուց, բայց դրանից հետո ճակատագիրը դաժան «անակնկալ» էր պատրաստել նրանց համար:
«Հայրս ու մայրս մեռան երկու օրվա տարբերությամբ: Ինչպես ուրիշ մեռելներին, հորս ու մորս էլ տարան ֆուրգոնով, թե որտե՞ղ են թաղել, չգիտենք: Եթե այդ օրերին մի երեւանցի էր մեռնում, լալու ժամանակ ասում էին` գաղթական չկա՞րՙ մեռներ, որ դու մեռար,- գրում է Արտաշես Փխրիկյանը,- երկու օրում զրկվելով հորիցս ու մորիցս` մնացի մենակ եւ որոշեցի ապրել քրոջս հետ: Տեսնելով, որ հայրենիք վերադառնալու հույս չկա, որոշեցի մի գործ գտնել: Սկսեցի կտորներ վաճառել Երեւանի փողոցներում»:
Հետզհետե հարմարվելով Երեւանում բնակություն հաստատելու մտքին` Արտաշես Փխրիկյանը տարբեր աշխատանքներ է կատարում`զբաղվում է առեւտրով, կոշկակարությամբ, կտավագործությամբ:
«Քույրս ամեն օր խրատում էր ինձ. «Շուտ արա, ամուսնացիր»: Շատ ստիպելուց հետո համաձայնեցի ամուսնանալ Վանի մեր հարեւանի աղջկա` Աստղիկի հետ, որը Վանում ամեն առավոտ գալիս էր մեր տուն, ու հորեղբորս աղջկա հետ դպրոց էին գնում: Այդ օրերին էլ հայրս ու մայրս ընտրել էին Աստղիկին ինձ համար: Աստղիկի հայրն ալ մեռել էր, մնացել էին ինքն ու մայրը», գրում է հեղինակը:
Ա. Փխրիկյանն ու Աստղիկ Ջանիկյանն ամուսնանում են 1916 թվականին: Համեստ միջոցներով, բայց ապագայի հանդեպ մեծ հավատով ու հույսով նրանք ստեղծում են իրենց ընտանիքը:
Արտաշես Փխրիկյանը, իրապես, նվիրյալ հայրենասեր է եղել: Նրա եւ Վանի Հերոսամարտի մյուս մասնակիցների շնորհիվ է, որ 200 հազար հայեր կարողացել են փրկվել թուրքական յաթաղանից: Ա. Փխրիկյանը մահացել է 85 տարեկանում ինֆարկտից եւ մահանալիս անգամ խոսել է Վանի 1915-ի հերոսական ինքնապաշտպանության մասին:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նկար 1. Վանի Հերոսամարտի դիրքապահ զինվորական խումբՙ ղեկավարությամբ ռամկավար Գալուստ Միրիջանյանի, նստածներից աջից երկրորդն Արտաշես Փխրիկյանն է, 1915 թ.: