Երեկ Ստեփանակերտում Արցախի եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր:
Երկու կառույցների համագործակցությունը տարիների պատմություն ունի, եւ համատեղ ստորագրված փաստաթուղթը հնարավորություն կտա այն խորացնելու: Նախատեսվում է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն իրավական ակտերի համատեղ մշակմամբ:
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն ընդգծել է մասնագետների վերապատրաստման գործընթացը, որը, նրա խոսքով, պարբերական բնույթ կկրի: Այսուհետեւ փաստաթղթեր կազմելիս, նշել է ՀՀ արդարադատության նախարարը, անպայման հաշվի կառնվեն հուշագրի դրույթները:
Հուշագիրը նախատեսում է նաեւ համատեղ մշակութային ու մարզական միջոցառումների անցկացում, ինչը երկու գերատեսչությունների ղեկավարների համոզմամբ` կնպաստի գործընկերային հարաբերություններն առավել ջերմացնելուն:
ՀՀ արդարադատության նախարարին ու նրա տեղակալ Էմիլ Բաբայանին նույն օրն ընդունել են ԼՂՀ նախագահն ու վարչապետը: Երկու հանդիպումների ընթացքում էլ տեղի են ունեցել բովանդակալից զրույցներ, քննարկվել փոխգործակցության դաշտը բարելավելուն միտված հարցեր: Կարեւորվել է հուշագրի նշանակությունը նպատակային համագործակցություն ծավալելու համար:
Հուշագրի ստորագրումից հետո լրագրողները հարցեր են ուղղել նախարարներին:
Այն հարցին, թե Հայաստանի օրինակով` ԼՂՀ-ում քրեակատարողական հիմնարկները ե՞րբ կարող են տեղափոխվել արդարադատության նախարարության ենթակայության տակ, արցախյան կառույցի ղեկավար Նարինե Նարիմանյանը պատասխանել է, որ դեռեւս չլուծված խնդիրներ կան այդ բնագավառում, մասնավորապես, կապված մասնագետ կադրերի պատրաստ չլինելու հետ: Իսկ ՀՀ նախարարը հավելել է, որ շտապողականություն դրսեւորելը կարող է միայն վնասել գործընթացին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ