Ինչպես տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից, հունիսի 15-16-ը Հայաստանի Հանրապետության եւ Արաբական պետությունների լիգայի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում խորհրդատվություններ իրականացնելու նպատակով աշխատանքային այցով Երեւանում էր գտնվում Արաբական պետությունների լիգայի պատվիրակությունը, որը ղեկավարում էր կազմակերպության` Եվրոպայի եւ արաբա-եվրոպական համագործակցության վարչության պետ Ֆարիս Աբդ ալ Քարիմը:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ:
Հանդիպումների ընթացքում նշվել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումն ու ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, եւ հենց այդ պատճառով որոշում է կայացվել արաբական երկրներում Հայաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու վերաբերյալ:
Կողմերը պայմանավորվել են պարբերական շփումների միջոցով շարունակել համագործակցությունը միջազգային կազմակերպություններումՙ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում:
Հ. Ա.