Երեկ Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում իրականացվող բարեփոխումները» թեմայով: Կարծում էինք` ոլորտով հետաքրքրված քաղաքացիական միավորների ներկայացուցիչներից շատերը ներկա կլինեին, օգտագործելով ոստիկանությանը իրենց հուզող հարցերը տալու հնարավորությունը: Բայց այդպես չեղավ, եւ այս լսումները գուցե շահեկան էին օրենսդրական խնդիրները միատեղ դիտարկելու տեսակետից, իսկ որպես ամբիոն օգտագործել ու մասնավոր օրինակով հարցնել, թե ինչպես կարելի է մոտ մեկ ժամ մարդուն ծեծելով սպանել, ու ոստիկանությունը չհայտնվի այդ վայրում, ոչ ոք չհարցրեց, ոստիկանության հանդեպ հասարակության վստահությունը բարձրացնելու` բարեփոխումների թիվ 1 խնդիրներից մեկի համատեքստում: Հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը ներկայացրեց արդեն առկա բարեփոխումների ծրագրի նախապատմությունը. Անվտանգության խորհրդում միջգերատեսչական հանձնաժողով էր ստեղծվել, ոստիկանապետի տեղակալի գլխավորությամբ հանձնաժողովն աշխատել է, սերտորեն համագործակցելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ընդհանրապես` ԵԱՀԿ միջազգային կառույցի հետ: Վերջերս արդեն ավարտուն ծրագիրը Վիեննայում, ԵԱՀԿ կենտրոնակայանում քննարկվել եւ հավանության է արժանացել ԵԱՀԿ գրասենյակի կողմից. «Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, ոստիկանության գործունեության արդյունքում իրականացվող բարեփոխումները մերթընդմերթ քննարկվեն բոլոր արտյաններում եւ, իհարկե, ԱԺ-ում, պատկան հանձնաժողովում, նաեւ իրազեկելով հասարակությանը, որովհետեւ բարեփոխումների ծավալը մեծ է, ծրագիրը կհաջողվի, եթե քաղաքացիական հասարակությունը մասնակցի այս ծրագրի իրականացմանը», ասաց նա:
Ծրագիրը 10 բաժնից է` կազմակերպական, կրթական եւ օրենսդրական բարեփոխումների համադրումով, բաժիններին մեկ-մեկ անդրադարձան ե՛ւ Հրայր Կարապետյանը, ե՛ւ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն իր զեկույցում: Կետ կա բնակչության վստահությանն ամրապնդմանն ուղղված գործողություններին, ոստիկանության աշխատողների սոցիալական եւ իրավական պաշտպանության խնդիրները եւս արտացոլված են: Շուրջ 20 օրենսդրական ակտերի ընդունում է նախատեսում ծրագիրը, կառավարության բազմաթիվ որոշումներ եւ կարգի հստակեցումներ են սպասվում այս երկու տարում բարեփոխումների ծրագրով: Մասնավորաբար` «Ոստիկանության ծառայության մասին» օրենքի փոփոխությունների մի շարք առաջարկություններ, «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» մայր օրենքի մշակման անհրաժեշտությունն է արտացոլված ծրագրում, «Ճանապարհային երթեւեկության մասին» օրենքի նոր փոփոխություններ նորից ենթադրվում են, «Զենքի մասին» օրենքի մշակման խնդիրը դարձել է հրատապ, «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ պետք է լինեն, որոնք միտված պետք է լինեն ավելի պարզեցնելու եւ հստակեցնելու քաղաքացիություն ստանալու կարգը: Նոր անձնագրային համակարգի հետ կապված օրենքների բավականին մեծ փաթեթ պետք է նախապատրաստվի, Հ. Կարապետյանը կարեւորեց ընտրողների հաշվառման վայրի ցուցակի փոփոխման ավտոմատացման խնդիրը, ընդհանրապես` ընտրական օրենսգրքին առնչվող բոլոր տիպի փոփոխությունները, որովհետեւ այս ոլորտում բազմաթիվ թերությունների շտկման անհրաժեշտությունը հրամայական է: Իսկ հակակոռուպցիոն ավելի զորեղ պայքարի անհրաժեշտությունից բխող մի շարք օրենսդրական ակտերի եւ նախաձեռնությունների իրականացումը ծրագրով պարտադիր նախատեսվում է:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը նկատեց, թե Հայաստանի իշխանությունները տարբեր ոլորտներում բարեփոխումների հավակնոտ ծրագրեր են նախաձեռնել, ԵԱՀԿ-ն ողջունում է այդ համարձակ քայլերը եւ մասնավորապես աջակցում իրավապահ մարմիններում սկսված բարեփոխումներին, չնայած հասկանալի է, որ դրանք հեշտ չեն, եւ բարեփոխումների իրականացման ճանապարհին կլինեն տարբեր մարտահրավերներ: Նա հույս հայտնեց, որ Ազգային ժողովը օրենսդրական կարգավորումների առումով մեծ աջակցություն ցույց կտա ծրագրին:
Արթուր Օսիկյանը խիստ մանրամասնորեն եւ տեսական զեկուցումներին հատուկ քնեցնող ոճով ներկայացրեց ծրագիրը. շատ չենք ծավալվի` 200 միջոցառում է ներդրված ծրագրում, որոնք կյանքի կոչվելով` բարեփոխման 90-95 տոկոսանոց արդյունք պետք է ապահովեն: Նշեց, որ ոստիկանությունում ընդունում են թերությունները, խնդիրների առկայությունը, երբեմն ոչ պատշաճ վարքագծի դրսեորումները, դրա համար էլ պետք է բարեփոխվել: Նա մանրամասն ներկայացրեց բարեփոխման ուղղությունները. չկրկնելու համար վերը թվարկվածը ավելացնենք, որ կարեւորվեցին նաեւ ճանապարհային ոստիկանության բարեփոխումները, որտեղ հակակոռուպցիոն մեծ փաթեթ է նախատեսված, օրինակ` վարորդական վկայական ստանալիս 1 պատուհան է նախատեսված, ձերբակալված անձանց պահման վայրերում պայմանների բարելավման ծրագիրն է մեկնարկել: Հասարակական կարգի պահպանության առումով (մարտի 1-ի դասերն ուսած) ընդունեց, որ կարող են լինել իրավիճակներ, որոնք պարապմունքների ժամանակ նկատի չեն առնվել, այս իմաստով բոլոր իրավիճակներում ոստիկանի պահվածքը կանոնակարգող ուղեցույց է մշակվելու: Եվ ավելացրեց, որ հնարավոր չէ մարդկանց իրավունքը պաշտպանելով` այլոց իրավունքները չխախտել, բայց դա պետք է լինի ողջամտության սահմանում (՞): Եվ նույնիսկ հասարակության հետ բանակցող ոստիկանի հմտություններ սովորեցնող կարգ պետք է մշակվի, մինչեւ այժմ այդ հարցը բաց է եղել:
Խոսվեց նաեւ վիզաների վարչությունում իրականացվող հակակոռուպցիոն մեծ ծրագրի մասին: Նոր, կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրումը նույնպես բարեփոխումների ծրագրում է` 2011-ից արդեն այդ անձնագրերը կտրվեն, սակայն հին անձնագրերը նույնպես ուժի մեջ կլինեն, մինչեւ լիակատար փոխարինումը նորով: Նոր անձնագրերով ավելի դյուրին կլինի այլ երկրներ մուտքի արտոնագիր ստանալն ու տեղաշարժվելը:
Լրագրողներս սպասում էինք Ա. Օսիկյանին ուղղվող սուր հարցերին, որոնք պետք է արտացոլեին ոստիկանության բուն խնդիրների համալիրը: Սակայն հարց տվող պատգամավոր էլ համարյա չեղավ` Օսիկյանին ուղղված մեկ-երկու հարցը այսպես կոչված համակարգահեն էին, ու այդպես էլ քննարկման մասնակից ոստիկաններին ոչ ոք չասաց այն, ինչ նրանք գիտեն, բայց ինչը ձեւավորել է հասարակության իրական վերաբերմունքը ոստիկանության հանդեպ տածած վստահության աստիճանի, իսկ ավելի ստույգ` անվստահության մասին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ