«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2010-06-17 | #112, 2010-06-18 | #113, 2010-06-19


ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԿԴԻՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸՙ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ «ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ինչպես տեղեկացնում է Հանրային խորհրդի մամուլի ծառայությունը, Հանրային խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին հարցերի հանձնաժողովը հունիսի 17-ի նիստում քննարկել է օտարալեզու դպրոցների խնդիրը եւ երկու կետից բաղկացած որոշում ընդունել, որտեղ նշվում է.

1. Առաջարկել ՀՀ կառավարությանը` հրաժարվել օրենսդրական այդ նախաձեռնությունից եւ հետ վերցնել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

2. Առաջարկել Հանրային խորհրդին` դիմել ՀՀ կառավարությանը` մշակելու եւ մեկ ամսվա ընթացքում հանրային քննարկման ներկայացնելու ՀՀ հանրային կրթության մակարդակը բարձրացնելու իր մոտեցումներն ու ծրագիրը:

Որոշման ներածական մասում հանձնաժողովը կարեւորում է օտար լեզուների դասավանդման մակարդակի բարձրացումը հանրակրթական ուսումնական հաստատություններում եւ արդիական ուսման ձեւերի կիրառումը մեր կրթական համակարգում:

Հանձնաժողովը գտնում է, որ վերը նշված նախագծում առաջարկվող փոփոխությունները չեն բխում մեր ազգային եւ պետական շահերից: Ավելինՙ կառավարությունը սույն օրինագիծը նախապատրաստելիս չի ղեկավարվել Հայաստանի Անկախության հռչակագրի 12-րդ կետով, ըստ որի. «Հռչակագիրը հիմք է ծառայում ՀՀ սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար»: Այս օրենսդրական նախաձեռնությունը հակասում է ՀՀ Անկախության հռչակագրի 10-րդ կետին, ըստ որիՙ «ՀՀ-ն ապահովում է հայերենի` որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության եւ մշակույթի սեփական համակարգ»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4