«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2010-06-17 | #112, 2010-06-18 | #113, 2010-06-19


ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ-ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ առանձնացրեց Արիստոմենե Վարուդակիսը

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը մեկ շաբաթ հետո ավարտելու է իր երեք տարի տեւած գործունեությունը Հայաստանում, ինչը լրագրողների հետ երեկվա հանդիպման առիթն էր: Գրասենյակի ղեկավարը նախ ներկայացրեց ՀԲ այն 6 ծրագրերը, որոնք գտնվում են հաստատման փուլում եւ որոնք մինչեւ եկող տարվա առաջին եռամսյակ հաստատված կլինեն: Խոսքը 154 մլն դոլար արժողությամբ ծրագրերի մասին է, որոնք ավելանալու են իրականացման փուլում գտնվող 270 մլն դոլար ծրագրերին:

Ծրագրերից առաջինըՙ 40 մլն դոլար արժողությամբ, գյուղական ժանապարհների վերանորոգման ծրագիրն է, որի շրջականերում նախատեսվում է նորոգել 190 կմ ճանապատհ, այդ թվումՙ Հալիձոր-Տաթեւ ճանապարհը, որը կնպաստի երկրի հարավում զբոսաշրջության զարգացմանը: Երկրորդը Մեղրու, Աբովյանի, Ալավերդու մարզային հիվանդանոցների եւ 30 գյուղական ամբուլատորիաների վերակառուցման եւ նոր սարքավորումներով համալրելու ծրագիրն է ՙ 15 մլն դոլար արժողությամբ: Երրորդըՙ 44 մլն դոլար արժողությամբ, ուղղված է լինելու գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանըՙ մասնավորապես հեռավոր շրջաններում անասնապահության զարգացմանը եւ բրուցելոզ հիվանդության դեպքերի նվազեցմանը: Չորրորդ ծրագրով կփոխարինվեն էլեկտրափոխանցման էլեկտրաշարերը Հրազդանի ՋԷԿ-ից մինչեւ երկրի հարավ, որը կարժենա 36 մլն դոլար: 24 մլն դոլար արժողությամբ 5-րդ ծրագրի միջոցներն ուղղվելու են Հայաստանում էլեկտրոնային հասարակության զարգացմանըՙ բարձր արագությամբ էլեկտրոնային մալուխների կառուցման, «համակարգիչ բոլորի համար» ծրագրին, բիոմետրիկ անձնագրերի ներդրման, Գյումրիի տեխնոպարկին աջակցելուն: Վեցերորդ ծրագիրը 25 մլն դոլար արժողությամբ բյուջետային վարկն է, որը պետք է աջակցի կրթական եւ առողջապահական ոլորտների բարեփոխումներին, հանքարդյունաբերության ոլորտում ժամանակակից օրենսդրության մշակմանը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կարողությունների, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավմանը:

Վերջին ծրագրի առնչությամբ տրված հարցերին պատասխանելովՙ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարն ասաց, որ գումարների տրամադրումը կախված է նրանից, թե ինչ առաջընթաց է արձանագրվում արդեն իսկ տրամադրված գումարներով ծրագրերի իրականացման հարցում: Եթե նոր գումարներ են տրամադրվում, ապա, ըստ Արիստոմենե Վարուդակիսի, նշանակում է, որ առաջընթաց կա, բայց ՀԲ-ն կցանկանար, որ ավելի արագ տեղի ունենային բարեփոխումները հատկապես տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հարկային ու մաքսային վարչարարության բարելավման ոլորտում: «Եթե որոշ տնտեսվարողներ հարկերը կամ մաքսերը չեն վճարում, դա խաթարում է մրցակցությունը», ասաց նա եւ ավելացրեց, որ տարբեր գնահատականներով ստվերային տնտեսությունը Հայաստանում կազմում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 35-40 տոկոսը:

  «Ազգի» հարցին, թե ճգնաժամին նախորդող տարիներին շինարարության բուռն աճն արդյո՞ք պետք է բացասական համարել, եթե նկատի ունենանք, որ այն նպաստում էր նաեւ շինանյութերի արտադրության, ծառայությունների եւ այլ ոլորտների աճին, ինչպես նաեւՙ Հայաստանի բնակֆոնդը շատ հին է եւ նորացման կարիք ունի, Արիստոմենե Վարուդակիսը պատասխանեց, որ շինարարությունը պետք է զարգանա, բայց պետք է ունենա իր պահանջարկը: «Առաջարկն ու պահանջարկն իրար հետ համահունչ պետք է զարգանան: Սակայն Հայաստանում շինարարության աճն ավելի է եղել, քան պահանջարկն է, ինչը մենք անվանում ենք փուչիկ», եզրափակեց նա:

Մամուլի ասուլիսի վերջում Արիստոմենե Վարուդակիսը նշեց, որ իր համար շատ հաճելի էր Հայաստանում աշխատելը եւ որպես զբոսաշրջիկ հետագայում անպայման կրկին կայցելի մեր երկիր: Հարցին, թե Հայաստանի հատկապես ո՞ր մարզն է նրան դուր եկել, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը պատասխանեց, որ իրեն հատկապես գրավել է Հայաստանի հարավը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսում է 4-5 տոկոս տնտեսական աճ

Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի մասին խոսելովՙ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն ասաց, որ թվում է, թե ճգնաժամի ամենասուր փուլը Հայաստանի համար հետեւում է մնացել, գրանցվել է 7,2 տոկոս տնտեսական աճ, եւ ՀԲ աջակցությամբ կառավարության իրականացրած հակաճգնաժամային քայլերն արդյունավետ են եղել: Նա առանձնացրեց այն հանգամանքը, որ այս տարվա 4 ամիսների տնտեսական աճը հավասարապես է բաշխվել տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Այդուհանդերձ, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, Հայաստանի տարեկան տնտեսական աճը կլինի 4-5 տոկոս, իսկ գնաճի ցուցանիշը չի ավելանա: Արիստոմենե Վարուդակիսը կարեւորեց դիվերսիֆիկացված տնտեսական աճի կարեւորությունը, որի դեպքում այն գուցե 12-14 տոկոսի փոխարեն կազմի 7-8 տոկոս, բայց կլինի ավելի կայուն:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4