Շաքարային դիաբետը աշխարհի ծանրագույն հիվանդություններից է եւ, ցավոք, զարգանում է արագ տեմպերով: 2000 թվականին ամբողջ աշխարհում շաքարային դիաբետով տառապում էր շուրջ 100 միլիոն մարդ, բայց, ըստ մասնագետների, 2020-ին հիվանդների թիվը հասնելու է մինչեւ 300 միլիոն:
«Առողջության համար պակաս վտանգավոր չեն շաքարային դիաբետից առաջացող բարդությունները` սրտամկանի սուր ինֆարկտը, փտախտը, ինսուլտը, երիկամային անբավարարությունն ու կուրությունը», երեկ «Դե ֆակտո» ակումբում տեղեկացրեց առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը :
Երեք տարի առաջ ՄԱԿ-ն ընդունեց բոլոր պետությունների կառավարություններին ուղղված մի հռչակագիր, որը կոչ է անում պետություններին ավելի շատ ուշադրություն դարձնել շաքարային դիաբետով տառապող հիվանդների խնդիրներին:
Շաքարային դիաբետը լինում է առաջին եւ երկրորդ տիպերի` թիվ 1 դիաբետ եւ թիվ 2 դիաբետ: Էնդոկրինոլոգը նշեց, որ այսօր Հայաստանում գրանցված հիվանդների թիվը, որոնք տառապում են շաքարային դիաբետով, արդեն գերազանցում է 40 հազարը:
Հիվանդության զարգացմանը նպաստում են մի շարք գործոններ, որոնցից առաջնահերթը, ըստ մասնագետի, ժառանգականությունն է:
«Եթե ծնողներից մեկն ունի շաքարային դիաբետ, ապա հետագա սերունդների մեջ հիվանդության զարգացման հնարավորությունը կազմում է 50 տոկոս: Եթե 2 ծնողներն են տառապում շաքարային դիաբետով, ապա հիվանդության զարգացման հնարավորությունը հասնում է մինչեւ 80 տոկոսի», ասաց Է. Թորոմանյանը:
Հիվանդության զարգացմանը նպաստում են նաեւ ճարպակալումը, արյան բարձր ճնշումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, սթրեսները եւ այլն:
«Ազգի» հարցին` պետության կողմից ի՞նչ աջակցություն են ստանում այս հիվանդությամբ տառապող մարդիկ , մասնագետը պատասխանեց, որ ծանր հիվանդը ստանում է հաշմանդամության կարգ եւ կարող է բուժվել պետպատվերի շրջանակներում: Բանախոսը հավելեց, որ շաքարային դիաբետ ունեցող բոլոր հիվանդներն ինսուլինը ստանում են անվճար:
Ի. Պ.