«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2010-06-18 | #113, 2010-06-19 | #114, 2010-06-22


ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Քաղաքական գործընթացում միշտ էլ գալիս է ճշմարտությունն ասելու պահը, այսինքն, երբ հարկավոր է մի կողմ դնել ամեն տեսակ ձեւականությունը, դիվանագիտությունը եւ ասել այն, ինչին համաձայն են բոլորը, ինչքան էլ կոշտ հնչի: Այսօր արդեն իսկ հասունացել է պահըՙ ասելու ճշմարտությունը ղարաբաղյան հարցի եւ միջազգային միջնորդների մասնակցությամբ ընթացող բանակցությունների մասին: Այդ ճշմարտությանը ասելուն մեզ դրդում է ադրբեջանական կողմի լկտի ու նենգ պահվածքը, լկտի, որովհետեւ հղփացած սեփական նավթից ու կուտակած հարստությունից, նրանք որոշել են, որ կարող են գնել ամենքին եւ ամեն ինչ, նենգՙ որովհետեւ բանակցություններին նրանք նստում են միմիայն խաբելու, ստելու եւ հետո պայմանավորվածությունները չկատարելու համար: Այդ ճշմարտությունը ասելուն է մղում մեզ նաեւ Մարտակերտի սահմանին զոհված մեր հայորդիների արյունը, տղաների, որոնք իրենց երիտասարդ կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Եկել է պահը, որ Հայաստանը հրաժարվի «հարցի լուծման փոխզիջումային տարբերակ» բառակապակցությունից եւ հայտարարի, որ խնդիրը չի կարող փոխզիջումով լուծվել այն պարզ տրամաբանությամբ, որ հայկական կողմը ղարաբաղյան հարցի ծագման առաջին իսկ օրվանից հարցի լուծման քաղաքակիրթ տարբերակներ է առաջարկելՙ բանակցությունների միջոցով: Սակայն բոլոր այդ առաջարկները մերժվել են եւ Ղարաբաղի հայության ու Հայաստանի դեմ հրահարվել է լայնամասշտաբ պատերազմ, որն ավարտվել է ադրբեջանական կողմի լիակատար պարտությամբ: Սակայն, չգիտես ինչու, մենք ինքներս ենք հրաժարվում մեր իսկ հաղթանակներից եւ հերթական անգամ հայտարարում տխմար այդ բառըՙ «փոխզիջում», ու նստում բանակցությունների սեղանին մեկի հետ, ում մասին արդեն իսկ գիտենք, որ նրա համար այս ողջ գործընթացն ընդամենը ժամանակ ձգելու միջոց է եւ առաջին իսկ առիթի ու հնարավորության դեպքում հերթական պատերազմը կսանձազերծի: Ու ամեն տեսակի «փոխիջումային» բանակցություններ ու կնքված պայմանագրեր, էլ չեմ խոսում միջազգային գոյություն չունեցող «երաշխիքների» մասին, կջնջվեն, ու Ադրբեջանը կփորձի նորից խնդիրը լուծել պատերազմի միջոցով: Հետեւաբար ոչ թե փոխզիջումների, այլ պատերազմում հաղթած երկրի ու ժողովրդի անունից պետք է գնալ բանակցություններիՙ պահանջելով ԼՂՀ ճանաչումը, հակառակ դեպքում այդ ճանաչումը կատարենք ինքներսՙ ապահովելով ԼՂՀ-ի եւ ընդհանրապես Հայաստանի հարավային սահմանների պաշտպանությունը: «Փոխզիջում» բառակապակցությունը վիրավորական է հնչում պատերազմում հաղթած ժողովրդի համար: Դա վիրավորում է նաեւ այդ պատերազմում զոհված մեր ազատամարտիկների եւ վիրավորված տղաների, ինչպես նաեւ արհամարհանք է ընդամենը 2 օր առաջ սահմանը պահելիս իրենց կյանքը տված տղաների հիշատակի համար:

Իսկապես, եկել է ճշմարտության պահը ասելու, որ ոչ մի սանտիմետր հողի զիջման մասին խոսք անգամ լինել չի կարող եւ ինչպես ամեն մի երկրի, այնպես էլ ԼՂՀ-ի դեպքում պետք է հարգվեն նրա տարածքային ամբողջականությունը եւ սահմանները: Եվ միայն դա կարող է լավագույն հուշարձանը լինել ռազմի դաշտում զոհված բոլոր մարտիկների համար:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Արմենական-ՌԱ կուսակցության փոխատենապետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4