«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2010-06-18 | #113, 2010-06-19 | #114, 2010-06-22


ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԸ ԿՀԱՍՑՎԻ ԱՆՀԱՊԱՂ

Կամա թե ակամա` անցած շաբաթը շատ սրընթաց դուրս եկավ Հայաստանի համար, քանի որ մի շարք ներքին եւ արտաքին գործընթացներ զուգահեռվեցին: Իսկ արդեն այս շաբաթվա սկզբին Հայաստանի քաղաքական ուղեղները, դեմքի խորիմաստ արտահայտություններով, փորձում են եզրահանգումներ անել, թե Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպումն ու հունիստասնության ադրբեջանական սադրանքը Ղարաբաղում կապվա՞ծ են միմյանց հետ, թե՞ ոչ, արդյո՞ք մշակված գործողությամբ ադրբեջանցիները ուզում են խանգարել բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակում («Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյան), թե՞ Սանկտ Պետերբուրգում ընթացող հանդիպման արդյունքներից բարկացած` Ալիեւը փորձում է մկաններ ցույց տալ, տեղի ունեցածը կենտ սադրա՞նք է, թե՞ կարող է շարունակական լինել, Ադրբեջանը մայնդորֆյան հռչակագի՞ր է խախտել, թե սովորական շանտաժով է զբաղված (Ստեփան Սաֆարյան), Հայաստանը պետք է բանակցային գործընթացից դուրս գա՞, թե՞ ոչ, դուրս գա՞լն է բխում Հայաստանի շահերից, թե՞ առայժմ մնալը... Մասնավորապես` Ստեփան Սաֆարյանը համոզված է, թե Ադրբեջանն այսպիսով ստուգում է հայկական կողմի եւ միջազգային հանրության արձագանքը, այնպես որ կոշտ արձագանք է պետք, մինչդեռ աշխարհը, եւ առաջին հերթին` Ռուսաստանը, աշխարհաքաղաքական սպասելիքներ ունեն Բաքվից եւ այդպես չեն վարվի:

Առաջին արձագանքը հենց Հայաստանի նախագահն էր արել դեռ Սանկտ Պետերբուրգում, հայ լրագրողներին ասելով. «Սադրանքներն անընդունելի են միշտ, բայց հատկապես այս գործողությունն է անընդունելի, որը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կազմակերպված բանակցություններից ժամեր անց», ասել նա` հավելելով, որ համանախագահ երկրները մտածելու բան ունեն եւ որ` հենց անպատիժ մնացած ռազմատենչ հայտարարություններն են հանգեցնում այս տեսակ կամ ավելի վատ հետեւանքների: Համանախագահները լռում են դեռ: Բանակցությունների ընթացք շեղելու մասին դեռ ոչ մի խոսք: Բայց որ երկրիդ արտգործնախարն է ասում, թե բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ Բաքուն միշտ փորձել է տապալել բանակցությունները սադրիչ հայտարարություններով, իսկ եռակողմ հանդիպումից հետո ակնհայտ սադրանքի գնաց` ցույց է տալիս, որ մերոնք անհրաժեշտ են համարում բանակցային գործընթացը ձախողելու Բաքվի իրական դեմքի բացահայտումը: Բայց... մերոնք դեռ սպասում են Մեդվեդեւի ու համանախագահների գնահատականներին, հո սովորական միջադեպ չէր:

Մյուս կողմից էլ` վերջին երկու օրը ավելի բարձրաձայն է հնչում հարցը` արդյոք Ադրբեջանը դո՞ւրս է գալիս խաղաղ բանակցություններից եւ հակվում դեպի զինադադարի խախտում, թե՞ միայն բանակցություն է ձախողում: Արդյո՞ք Հայաստանն էլ պետք է ձեւ անի, թե դուրս է գալիս բանակցություններից. իրականում, սակայն, պետություններից ոչ մեկը դա ինքնուրույն չի կարող անել` ֆորմատ կա, բան կա...

«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանին պարտադրեն ընդունել մադրիդյան նորացված սկզբունքները, բայց Սանկտ Պետերբուրգում հնչած հայտարարություններից երեւում է, որ ճշտել են նախկինում եղած բոլոր համաձայնությունները եւ կողմերին առաջարկել են բանակցությունները շարունակել այդ համաձայնություններից», նկատել է ղարաբաղցի փորձագետ Մանվել Սարգսյանը երեկ` հավելելով, որ Ադրբեջանը որոշեց պոզեր ցույց տալ միջնորդներին, մինչդեռ միջազգային հարաբերություններում շանտաժ չեն սիրում, մեկ-մեկ էլ դրա համար շատ դաժանորեն պատժում են: ԱԺ փոխխոսնակ Ս. Նիկոյանն իր գնահատականներում ավելի առաջ է գնացել` թե իր գործողություններով Ադրբեջանը վիրավորանք է հասցրել ռուսական կողմին եւ անձամբ` Դմիտրի Մեդվեդեւին, եւ որ բանակցությունները շարունակելն այլեւս իմաստ չունի: Եթե այս տեսակետով փորձ է արվում ռուսական արձագանք կորզել, ապա դա չաշխատեց` ռուսական կողմը Նեստերենկոյի շուրթերով խոստանում, բայց չի շտապում արձագանքել` սեփական շահերն առավել կարեւոր են...

Ամբողջ խնդիրն այն է, թե որ վարկածով ես դիտարկում ադրբեջանական սադրանքը. եթե դա բարձր մակարդակով կազմակերպած սադրանք է, ապա վերը նշվածն ամբողջությամբ իր տեղում է, իսկ եթե ու հանկարծ սա սադրանքի իմիտացիա է, ասինքն` սադրանք ցույց տալու սադրանք, հայկական կողմի կոշտ հայտարարություններ կորզելու համար, որին ի պատասխան ադրբեջանցիք եւս կկոշտանան ու բանակցությունները կխաթարվեն, այդ ուրիշ բան է արդեն:

Բոլոր դեպքերում Հայաստանին պատերազմով վախեցնելու եւ զիջումներ կորզելու տարբերակը եւս գոյության իրավունք ունի, եւ չգիտենք էլ բուն խնդիրը` ինչի՞ց է խռովել Ալիեւը, կամ ի՞նչ են խոսել երեք նախագահները բուն բանակցային գործընթացի վերաբերյալ, ինչ են տվել-առել համանախագահների հետ: Գիտենք միայն, որ սկսված երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել կողմերը, բայց ի՞նչ նյութի շուրջը, չգիտենք: Հանրահայտն այն է, որ եռանախագահներ-Ադրբեջանի պատվիրակություն հանդիպումից հետո Ալիեւի օրակարգը փոխվել է` նա չի մնացել ֆորումին եւ վերադարձել է:

Ընդհանուր առմամբ, եթե մի գծի վրա շարենք Ադրբեջանի ռազմական դոկտրինի ընդունումը` ռազմական լուծումը չբացառող, վերջին դիվերսիան, դիվերսիայի օրը Ադրբեջանի խորհրդարանում ընդունված այն օրենքը, որով այդ երկրի սահմանադրական դատարանն իրավունք է ստանում ռազմական դրություն հայտարարելու ժամանակ հետաձգել ընտրությունները (խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում նոյեմբերի սկզբին են), ապա կարող է եւ այս բոլոր նախընտրական տրամաբանության մեջ տեղավորվել. քանի որ Ալիեւը չի կարող ընդունել բանակցությունների տրամաբանական հանգուցալուծման մի այնպիսի վիճակ, որը պոպուլիզմի եւ նրան ոչնչացնելու առիթ կտա նրա քաղաքական հակառակորդներին` մարդը երկու քարի արանքում է, հո չի՞ կարող խոստովանել, որ բանակցություններում ցանկալի արդյունքի չի հասել, իսկ պատերազմի տարբերակով սեփական ավերված դիմագիծը հետ բերելը նրան կարող է շատ հարմար թվալ, միայն թե իր հոր փորձառությունը չունենալով` չի հասկանում, որ ամեն ինչ կկորցնի: Հայաստանը համարժեք պատասխանը երբեք չի ուշացնի. Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանը երեկ զգուշացրել է Ալիեւին, որ լեգիտիմ ինքնորոշված Ղարաբաղում նոր պատերազմ հրահրելու երկրորդ արկածախնդրությանը պատասխան հարվածը կհասցվի անհապաղ, ողջ ուժով:

Այս խիտ գործընթացների մեջ երկու կարեւոր ներքին իրադարձություն եւս կային Հայաստանում, որոնք հեռագնա ստվեր են գցելու ապագա գործընթացների վրա: Օտարալեզու դպրոցների թեման զարգանում է, եւ եթե անգամ առաջին ընթերցմամբ օրենսդրական փաթեթը ընդունվի` նրա մեջ դրած ականը տեղափոխվելու է աշուն` երկրորդ ընթերցման շուրջը պայթելու, սա կարող է անգամ ներքաղաքական խմորումների պատճառ դառնալ` քաղաքական մրցակցության թեմաներից մեկը դառնալու իմաստով: Ական ասացի` հիշեցի, այս շաբաթ ՀՀՇ-ն ական էր հայտնաբերել իր ներսում, ոչ ավել, ոչ պակաս` ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որը ոչ պաշտոնական տեղեկություններով, իբր, իշխանական ական է եղել ՀՀՇ-ի մեջ: Ական, թե ոչ` չգիտենք, բայց Քոքոբելյանը, եւ նրանից էլ հետո ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հրաժարական տվեցին, ՀՀՇ-ում սկսված խմորումները կարծես նոր թափ են հավաքում: Իսկ խմորումների իմաստն այն է, որ ինչպես յուրաքանչյուր կուսակցությունում, քաղաքական հնաբնակ ՀՀՇ-ն իր զրոյական ռեյտինգով ու մի խումբ ինտելեկտուալների առկայությամբ ի վերջո պիտի գար էվոլյուցիայի տրամաբանական փուլի` վերակազմավորվեր: Դա դեռ չի եղել, եւ հավանաբար նրա արմատական թեւը մտադիր է աջ ազատական մի նոր միավոր ստեղծել, որի շուրջն աջ ուժեր կհամախմբվեն, եւ որը չի կոչվի պատեհական` ՀՀՇ անունով: Այսպես թե այնպես` ՀԱԿ-ին, որի կազմում է ՀՀՇ-ն, սպասում է պառակտում, համենայն դեպս Սեֆիլյանի «Սարդարապատը» նրա կազմից դուրս եկավ: Դե, դեռ մինչեւ աշուն այդպիսի շատ գործընթացներ տեղի կունենան, եթե հանկարծ ու չշատանան սահմանային սադրանքի նոր դրսեւորումները:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4