«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2010-06-18 | #113, 2010-06-19 | #114, 2010-06-22


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ՈՉ ՄԵԿԻ ՀԱԳՈՎ ՉԷ՞

Կարճ ժամանակում երրորդ անգամ փոխվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը: Ինչպես ժամանակին այդպես էլ կարգին բացատրություն չհնչեց, թե ինչու փոխարինվեց նախկին նախարարը` ԲՀԿ անդամ Գեւորգ Պետրոսյանը, այնպես էլ հիմա պարզ չէ, թե ինչո՞ւ է հրաժարական ներկայացրել Մխիթար Մնացականյանը: Իսկ այն բացատրությունը, որ հնչեցրեց երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը , թե կարճաժամկետ առումով ԲՀԿ նախագահի դրած խնդիրները նախարարն իրականացրել է, էլի պարզություն չի մտցնում խնդրում, այդ բացատրությունից ընդամենը կարելի է տարատեսակ ենթադրություններ անել. կամ Մ. Մնացականյանը նշանակվել է հենց որպես անցումային նախարար, քանի որ այդ պահին այլ հարմար թեկնածու չի գտնվել, կամ նշանակումից հետո ի հայտ են եկել խնդիրներ, որոնք Մ. Մնացականյանին չեն թողնում նորմալ աշխատել, կամ նրա աշխատանքից են դժգոհ մնացել, կամ էլ հայտնվել է մի այնպիսի կադր (դա կարող է ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ երկրի նախագահի, վարչապետի կադրը լինել), որի դեմ ոչ մի Մխիթար էլ չի դիմանա... Բոլոր դեպքերում արժե հիշել կառավարության վերջին նիստի ժամանակ Տիգրան Սարգսյան-Իշխան Զաքարյան-Մխիթար Մնացականյան եռախոսությունը, որի արդյունքում ի վերջո Մնացականյանին տրվել էր եւս մի շաբաթ` պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետության հայեցակարգը լրամշակելու համար: Այս նիստում էր, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ասել էր, թե «Փարոս» ծրագրում տեղեր կան, որ մինչեւ 32-35 տոկոսով գումարներ են ստանում սխալ տեղեկանքների հիման վրա, մի քանի միլիարդ դրամների մասին է խոսքը»: Այս խոսքից հետո բանավեճ էր ծագել Մ. Մնացականյանի եւ Ի. Զաքարյանի միջեւ: Զաքարյանը Մնացականյանի ներկայացրած հայեցակարգն ընդամենը միջոցառումների ժամանակացույց էր անվանել:

Դեռեւս հայտնի չէ, թե ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում թափուր պաշտոնի համար:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4