«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2010-06-18 | #113, 2010-06-19 | #114, 2010-06-22


ՍՊԻՏԱԿ ՀԱԳՈՒՍՏԸ, ԱՐԵՎԱՅԻՆ ԱԿՆՈՑԸ, ՀՈՎԱՆՈՑՆ ՈՒ ԳՈԼ ԹԵՅԸ ԿՕԳՆԵՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՇՈԳԻՆ

«Ամառային եղանակն օրգանիզմի համար ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ազդեցություն», երեկ «Նովոստի» կենտրոնում ասաց առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը :

Հուլիս-օգոստոս ամիսներին հարկավոր է պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնց բացասական ազդեցությունը մեծանում է ցերեկային ժամերին` ժամը 12.00-17.00: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է հատկապես ծերերի, մանուկների, հղի կանանց ու քրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց համար: «Տարվա մյուս եղանակներին, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթների չափանիշները բարձր չեն, դրանք ունենում են նաեւ դրական ազդեցություն, օրինակ` բարձրացնում են մարդու դիմադրողականությունն ու աշխատունակությունը», ավելացնում է Արտավազդ Վանյանը: Չպաշտպանվելու դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է առաջացնել արեւահարություն, արեւային այրոցներ, մաշկի կարմրություն: Ա. Վանյանի խոսքով` ամռանը բարձրանում է մարդու քրտնարտադրությունը`օրգանիզմից հեռացվում է 2-2,5 լիտր, շատ շոգ եղանակին` մինչեւ 4 լիտր հեղուկ, իսկ 4 լիտր հեղուկ կորցնելու դեպքում մարդը կարող է սրտի նոպա ունենալ: Ա. Վանյանը խորհուրդ է տալիս ամռանը շատ հեղուկներ օգտագործել, տնից դուրս գալիս կրել արեւային ակնոց, գլխարկ, հովանոց, նաեւ սպիտակ կամ բաց գույնի բամբակյա հագուստ:

Մեզանում այլեւս նորություն չեն ամռան ամիսներին արձանագրվող սննդային թունավորումներն ու վարակիչ հիվանդությունների դեպքերը: «Այս առումով մեր ցավոտ խնդիրներից մեկը փողոցային առեւտուրն է, որը կազմակերպվում է ոչ սահմանված վայրերում: Վարակի փոխանցման գործոն կարող է դառնալ հենց փողոցներում պատրաստվող կամ վաճառվող սննդամթերքը, հետեւաբար պետք է խուսափել փողոցային առեւտրից», նշեց Ա. Վանյանը:

Հասարակությունը պետք է հասկանա, որ չի՛ կարելի գնել արեւի տակ դրված ձուկն ու ձմերուկը: Եթե մարդիկ չօգտվեն փողոցային առեւտրից, տրամաբանական է` այն մի օր կվերանա:

Ամռանը քիչ չեն նաեւ մրսածության դեպքերը: Շոգ եղանակին բարձր ջերմ չունենալու համար հարկավոր է խուսափել խիստ սառեցված հյութերից եւ օդորակիչի սառը օդի առաջ նստելուց, իսկ ծարավը հագեցնելու համար լավ կլինի օգտագործել սառը կամ գոլ թեյ, բալի կամ հոնի հյութ եւ հնարավորինս զերծ մնալ կոֆեին եւ շաքար պարունակող հյութերից:

Ասուլիսի մյուս բանախոսը` ԱՆ բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը , տեղեկացրեց, որ առողջապահության նախարարը հրահանգել է, որ Երեւանի ու մարզերի բուժհիմնարկները` պոլիկլինիկաները, հիվանդանոցներն ու շտապօգնության ծառայությունները, ցուցաբերեն արագ ու որակյալ բուժօգնություն:

Այս սեզոնին պակաս վտանգավոր չեն օձերի խայթոցները. շոգ օրերին օձերն ակտիվանում են: Վ. Պողոսյանը նշում է, որ առողջապահության նախարարությունն ամեն տարի հրահանգ է իջեցնում, որ բուժհիմնարկներն ապահովվեն անտիգյուրզին դեղորայքով, բոլոր բժշկական հիմնարկներն արդեն վաղուց ձեռք են բերել անտիգյուրզին, որը ժամանակի ընթացքում թարմացնում եւ լրացնում է:

Առհասարակ մարդիկ պետք է շատ զգույշ լինեն. չփորձեն օձ բռնել, իսկ դաշտերում աշխատողները հագնեն ռետինե կոշիկներ:

Ա. Վանյանը նաեւ զգուշացրեց, որ կարելի է լողանալ միայն վերահսկվող, քլորացվող ջրավազաններում, բայց ոչ` դեկորատիվ, «Մեր ծնողները պետք է գիտակցեն ու թույլ չտան, որ երեխաները լողանան դեկորատիվ ջրավազաններում»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4