«Կերպարվեստ» հանդեսի այս տարվա առաջին, երկրորդ միասնական համարի ապրիլյան թողարկումը, ինչպես նախորդները, հիմնականում անդրադարձներ են Նկարիչների միության նախընթաց ցուցահանդեսներին, նկարիչների հոբելյաններինՙ հոդվածների, տպավորությունների, կարծիքների միջոցով:
Հայոց ցեղասպանության գեղարվեստական անդրադարձների մեջ նկարչական արտահայտությունները կարեւոր տեղ են գրավում: «Ցավի գույնը» վրձնի հայ վարպետները իրենց կտավներում մարմնավորել են դեռ 1915-ից առաջ էլ. 1895-96 թթ. հայկական առաջին կոտորածների տպավորությամբՙ որպես բողոքի պոռթկում, ընդվզում: Նրանցից առաջինը Հովհ. Այվազովսկին էր, եւ, իհարկե, Վարդգես Սուրենյանցը, որն իր ամենաազդեցիկ, ցնցող ու տպավորիչ գործերից «Ոտնահարված սրբությունը» նկարեց 1895-ին. դրան հետեւեցին այլ գործեր: «Կերպարվեստի» ապրիլյան համարի շապիկին Սուրենյանցի այս նկարի վերատպությունն է եւ գլխավոր նյութը դարձյալ նրա արվեստին է վերաբերում:
Վարդգես Սուրենյանցի 150-ամյակի առիթով ընդարձակ հրապարակումով Շուշանիկ Զոհրաբյանը ներկայացնում է նկարչի ստեղծագործությունըՙ կենտրոնանալով մասնավորապես նրա արվեստում սիմվոլիզմի արտահայտություններին եւ առկա միտումներին: (Ապրիլյան օրերին Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին էր նվիրված Նկարիչների տան 3 սրահներում բացված ցուցահանդեսը):
ՀՆՄ-ի ուշագրավ ցուցադրություններից Էդուարդ Արծրունյանի արվեստին անդրադարձել է Յուրի Խեչանյանը: Հանդեսի էջերը շարունակաբար համառոտ ներկայացնում են Անատոլի Պապյանին, Ռուբեն Շահվերդյանին, Վիլիկ Զաքարյանին, Ղարիբ Եղիազարյանին, Արա Բաղդասարյանին, Թաթոսին եւ ուրիշներին, տպավորությունների գրքից կարծիքներ է ներկայացվում մի շարք ցուցահանդեսների մասին, ինչպես Ռուբեն Ադալյանի, լուսանկարիչ Սամվել Սեւադայի, Վիկտոր Հովհաննիսյանի, Արեւշատ Ավագյանի եւ այլոց:
Մարտին Պետրոսյանի վրձնիՙ անտեսանելիի շերտերը միագույնի նրբերանգներով բացող արվեստի մասին է պատմում Արեւշատ Ավագյանը: Արվեստ, որ ինչպես Ռոբերտ Էլիբեկյանն է գրում, լիովին հնարավոր չէ մեկնաբանել, «որովհետեւ գերազանցապես հոգեւոր է»: Մ. Պետրոսյանն ասես ժամանակի հեքիաթն է հյուսումՙ նրբագծի զարմանալի քնքշությամբ:
«Վերլուծական էջում» ՀԱՊ-ի գրաֆիկայի բաժնի վարիչ Վիկտորյա Բադալյանը անդրադառնում է Գեորգի Յակուլովի արվեստի թատերայնությանը: Յուրահատուկ ու գեղեցիկ էր Անուշ Եղիազարյանի գոբելենային արվեստի ցուցադրությունը: Վարդիթեր Գամաղելյանը մասնագիտական դիտարկումներով կարողացել է ներթափանցել գոբելենագործի «զմայլող գալարապտույտների, գծի ու գույնի ինքնաբուխ ժայթքումների» մեջ, տեսնել «գործվածքի» պրկումների ու բռնկումների արվեստային ձեւակերպումները:
«Կերպարվեստի»ՙ հիմնականում միատոն հրապարակումներից առաձնանում են «Հուշապատում», «Վարպետաց դասեր» եւ «Մի կուրսի պատմություն» խորագրերը:
«Վարպետաց դասերը» հիշատակում է վերջերս տպագրված Վիգեն Իսահակյանի «Փարիզ. Քոչար, անցած օրեր» գիրքը եւ ներկայացնում Մ. Սարյանի տուն-թանգարանի «Սարյանը եւ Փարիզը» հուշագրքերից հատվածներ: Ներկայացված էջերում Վարպետի հայացքը փարիզյան տպավորություններից սեղմ է, դիպուկ ու կոնկրետ: Այս ուղեւորությունը, ծանոթությունները համաշխարհային կերպարվեստի մեծություններին, տարբեր ուղղությունների ուսումնասիրությունները բնականաբար բարենպաստ ազդեցություններ են ունեցել իր արվեստի վրա, ավելի հաստատուն դարձրել ստեղծագործական սկզբունքները: Հետաքրքրական են Սարյանի դիտարկումներն իմպրեսիոնիզմի, ֆրանսիական գրքարվեստի, ֆրանսիացի նկարիչների, մասնավորապես Ռենուարի, արվեստի ազգային եւ համամարդկային բնույթի ու նշանակության մասին:
Հանդեսի էջերում տեղ են գտել նաեւ միության աշխատանքային ընթացիկ տեղեկություններ, այլ լուրեր:
Մ. Բ.