20-ամյա Ռուբեն Ալեքսանյանը նվաճեց ծանրամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը: Սոֆիայում անցկացված առաջնության ավարտական օրը 145 կգ-անոց մեր դյուցազունը մրցակցությունից դուրս էր գերծանրքաշայինների մրցապայքարում: Ճիշտ է, պոկում վարժությունում նրա միայն մեկ մոտեցումն էր հաջող, սակայն դա էլ բավական էր ոսկե մեդալին արժանանալու համար:
Ռուբենը մրցահարթակ դուրս եկավ միայն այն ժամանակ, երբ մյուս մասնակիցներն արդեն ավարտել էին ելույթները: Այդ պահին լավագույն արդյունքի էր հասել ռուսաստանցի Զաուրբեկ Նանիեւըՙ բարձրացնելով 172 կգ: Իսկ Ալեքսանյանը մրցումը սկսեց 180 կգ-իցՙ
2-րդ մոտեցմամբ հաղթահարելով ծանրությունը: 3-րդ մոտեցման համար նա պատվիրել էր 190 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել:
Պայքար չընթացավ նաեւ հրում վարժությունում: Երեք ծանրորդՙ Զաուրբեկ Նանիեւը, իրանցի Բահադուր Մուլաելը եւ թայվանցի Չաո Շի Չին մրցումն ավարտել էին 208 կգ արդյունքով: Հայ ծանրորդն առաջին իսկ մոտեցմամբ իրեն ենթարկելով 212 կգ-անոց ծանրաձողը, երկամարտում ցույց տվեց 392 կգ արդյունք ու նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այլեւս իմաստ չուներ շարունակել ելույթներն, ուստի Ռուբենը հրաժարվեց մյուս 2 փորձերից:
Իհարկե, եթե գերծանրքաշային կարգում մրցակցություն ընթանար, Ալեքսանյանն ավելի բարձր արդյունք ցույց կտար: Հիշեցնենք, որ գարնանը Մինսկում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հայ ծանրորդը երկամարտի 432 կգ (195+237) արդյունքով արժանացել էր արծաթե մեդալիՙ 8 կգ-ով զիջելով ռուսաստանցի Եվգենի Չիգիշեւին:
Ռուբենի առավելության մասին է վկայում այն փաստը, որ Սոֆիայում նա 12 կգ-ով գերազանցեց 2-րդ տեղը գրաված Զաուրբեկ Նանիեւին: Բրոնզե մեդալակիր Չաո Շի Չին երկամարտում ցույց տվեց 378 կգ (170+208) արդյունք:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ