Երեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի 2010-11-ի խաղարկության առաջին եւ 2-րդ որակավորման փուլերի մասնակիցների վիճակահանությունը:
ՀՀ չեմպիոն «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում կմրցի Սերբիայի «Պարտիզանի» հետ: Վերջինս երկրի վերջին 3 տարիների անփոփոխ չեմպիոնն է: Ավարտված առաջնությունում «Պարտիզանն» անպարտելի մնացՙ 30 հանդիպումներից 24-ում հաղթելով, 6-ն ավարտելով ոչ-ոքի: Չեմպիոնի խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունը եւս տպավորիչ էՙ 63-14: Առաջին խաղը «Փյունիկը» կանցկացնի մրցակցի դաշտում: Առաջին հանդիպումները նշանակված են հուլիսի 13-14-ին, պատասխան խաղերըՙ հուլիսի 20-21-ին:
Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման 1-ին փուլում «Ուլիսը» կմրցի իսրայելական «Բնեյ Եգուդայի» հետ, իսկ «Բանանցի» մրցակիցը կլինի հայ մարզասերներին լավ հայտնի Կիպրոսի «Անորտոսիսը»: «Ուլիսն» առաջին խաղում կհյուրընկալի մրցակցին հուլիսի 1-ին: Այդ օրը «Բանանցը» կխաղա մրցակցի դաշտում: Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին: «Անորտոսիսը» Կիպրոսի վերջին առաջնության բրոնզե մրցանակակիրն է, իսկ իսրայելական ակումբը գրավել է 4-րդ տեղը:
ՀՀ փոխչեմպիոն «Միկան» պայքարը կսկսի որակավորման 2-րդ փուլից: Թիմը հուլիսի 15-ին կհյուրընկալվի «Լուսիտանս» (Անդորրա)-«Ռաբոտնիչկի» (Մակեդոնիա) զույգի հաղթողին: Առաջին փուլում հաջողության հասնելու դեպքում «Բանանցը» կմրցի «Շիբենիկ» (Խորվաթիա)-«Սլիմա» (Մալթա) զույգի հաղթողի հետ, իսկ «Ուլիսի» մրցակիցը կլինի իռլանդական «Շեմրոկ Ռովերսը»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ