Ադրբեջանցի քաղաքական գործիչները, քաղաքագետները կամ տարբեր մասշտաբի գործիչները անկեղծորեն արտահայտում են իրենց կարծիքը ղարաբաղյան հարցի եւ Հայաստանի մասին: Եվ շատ կարեւոր է, որ այդ անկեղծությունը լուսաբանվի հայկական մամուլով, քանի որ ցույց է տալիս ադրբեջանցիների իրական նպատակները, եւ պարզ է դառնում, որ փոխզիջումների մասին խոսողները տեղյակ չեն կամ չեն ցանկանում լսել այս ամենը: Մասնավորապես, Ադրբեջանի Ժողովրդա-առաջադիմական կուսակցության ղեկավար Հուսեյն Ալիյարլին հայտարարել է. «Միամիտ են նրանք, ովքեր կարծում են, թե օկուպացված տարածքների մի մասի հանձնումով հնարավոր կլինի հասնել խաղաղության»: Ադրբեջանական կողմի համար, ըստ ադրբեջանցի քաղաքական գործչի, «խոսքը բոլոր տարածքների, ներառյալ Լեռնային Ղարաբաղի մասին է»:
Վերը նշված ադրբեջանցի քաղաքական գործիչը առաջինը չէ, որ անկեղծանում է եւ հայտարարում, որ տարածքների զիջումով խաղաղություն չի հաստատվի: Գաղտնիք չէ նաեւ, որ ադրբեջանցիները միշտ էլ ձգտել են ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ եւ այդ հարցում Հայաստանը դիտում են որպես խոչընդոտ: Այս թեմայով նույնպես անկեղծանում է Հուսեյն Ալիյարլինՙ նշելով, որ «ոչ թե մենք ենք շրջափակել Հայաստանը, այլ վերջինս է փակել հաղորդակցության մեր կապը Թուրքիայի հետ»: Նման մեկնաբանությունը եւ նման տեսակետը պատահական չեն. նավթադոլարներից հղփացած եւ ռազմական բյուջեն ավելացնելովՙ նրանք որդեգրել են Հայաստանի հետ ռազմաշունչ լեզվով խոսելու ավանդույթը, որը, ցավոք սրտի, հայկական կողմից համարժեք պատասխանի չի արժանանում: Այս իրավիճակն էլ Ադրբեջանի տարբեր տրամաչափի քաղաքական ու այլ տիպի գործիչներին հնարավորություն է տալիս Հայաստանի մասին հերթական ռազմաշունչ հայտարարություն անել եւ մեղադրանքներ ներկայացնել:
Իհարկե, կարելի էր եւ այս ամենին ուշադրություն չդարձնել, ինչպես պնդում են հայրենի որոշ պաշտոնյաներՙ դա վերագրելով պարտված կողմի սինդրոմի, որը մարտից հետո մատ թափ տալ է հիշեցնում, կամ հին հայկական ասույթը հիշել, թե «հաչող շունը չի կծում» եւ այլն, սակայն Հայաստանի շարքային քաղաքացին, որ հետեւում է այս ամենին ու լսում Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարությունը, ապշահար հետեւում է, թե հայրենի քաղաքական գործիչները երբ համապատասխան ոգով եւ կոշտությամբ պատասխան կտան: Իսկ ամեն տեսակի բացատրություններըՙ պարտված ադրբեջանցիների հոգեմաշ վիճակի մասին, ոչ մեկին չեն բավարարում ու առանձնապես չեն հետաքրքրում: Հետեւաբար ադրբեջանցիների ռազմատենչ հերթական հայտարարությանը պետք է հետեւի հայկական կողմի կոշտ պատասխանը:
Իսկ Հուսեյն Ալիյարլի անունը կրող ադրբեջանցի մանրապճեղ քաղաքական գործչի հայտարությանը արժե անդրադառնալ միմիայն այն պատճառով, որ վերջինս անկեղծորեն խոսում է այն մասին, ինչի մասին երազում ու մտածում են այդ երկրի ողջ ղեկավարությունը եւ բնակչությունը: Այսինքնՙ տարածքների հանձնումը ոչ թե խաղաղության, այլ միայն հերթական պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում, ու միամիտ են նրանք, ովքեր հավատում են հակառակին:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Արմենական-ՌԱ կուսակցության փոխատենապետ