«Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չպետք է պարտադրել, թե որտեղ նրանք պետք է ապրեն, նրանց չպետք է զրկել ընտրության իրավունքից: Ղարաբաղի բնակչության համար անհրաժեշտ է հարմարավետ կենսապայմաններ ապահովել», նման հրապարակմամբ հանդես է եկել իրանական «Աբրար» օրաթերթը` «Հայացք Ղարաբաղի հակամարտությանը» վերնագրով վերլուծական հոդվածում: Իրանական պարբերականը շարունակում է, գրելով. «Ղարաբաղի խնդրում կարեւորն այնտեղ ապրող մարդկանց ճակատագրի տնօրինման իրավունքն է, որն ավելի կարեւոր է, քան պետությունները, պետական շահերից առավել կարեւոր են մարդիկ: Հետեւաբար Ղարաբաղի խնդիրը նույնպես պետք է հենց այդ մտայնությամբ եւ ճանպարհով լուծվի»:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ աշխարհի տարբեր ծայրերում` ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, հիմա էլ արդեն Իրանում այսօրինակ հրապարակումները ավելի հաճախակի են դարձել. աշխարհը կարծես թե սկսում է իրազեկվել Ղարաբաղի իրական պատմությանը: Այս առումով նույն իրանական թերթը նկատում է. «Ժամանակակից աշխարհը փոփոխվում է, պետությունները մեծանում կամ փոքրանում են, եւ սա բնական գործընթաց է: Իսկ կոնկրետ ղարաբաղյան հակամարտության համար չպետք է գոյություն ունենա լուծման ռազմական ճանապարհ», եզրափակում է «Աբրարը»:
Այս վերջին պնդումը, փաստորեն, ընդունում են բոլորը` Հայաստանը, ԼՂՀ-ն, Մինսկի խումբը, ողջ միջազգային հանրությունը, բացի Ադրբեջանից, որը շարունակում է սպառնալ ռազմական լուծմամբ: Սակայն Բաքուն թերեւս «մոռացել» է, թե ինչ պատահեց Վրաստանին, երբ վերջինս զորք մտցրեց Աբխազիա եւ Հարավային Օսիա, Բաքվում երեւի չեն էլ զգում, որ «աշխարհը փոխվել է...»:
Հ. Ա.