«Սեւանա լճի պահպանմանը, վերականգնմանը, օգտագործմանն ու բնականոն զարգացմանն ուղղված միջոցառումները շարունակվում են», երեկ «Նովոստի» կենտրոնում ասաց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի խնդիրներով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Օրենքով սահմանված է, որ Սեւանի մակարդակը պետք է բարձրանա մինչեւ 1903,5 մ: Այդ նիշն ապահովելով` մենք Սեւանում կունենանք 8 մլրդ խմ լրացուցիչ ջուր: 1903,5 մ նիշին, ըստ բանախոսի, նորմալ կլիմայական պայմաններում Հայաստանը կհասնի 2029 թվականին: Վ. Մովսիսյանը տեղեկացրեց, որ հանրապետության տարածքում այսօր ունենք 79 ջրամբար, որոնցում կա ընդամենը 1 մլրդ խմ ջուր, եւ դրանից 275 միլիոնն Ախուրյանի ջրամբարում Թուրքիայի մասնաբաժինն է: 79 ջրամբարում զուտ հայկական ունեցվածքը կազմում է 750-770 միլիոն խմ:
«Եթե ուզում ենք 8 մլրդ խմ ջուր կուտակել ոչ թե Սեւանում, այլ հանրապետության ուրիշ տարածքներում, ապա պետք է կառուցենք շուրջ 700 արհեստական ջրամբար, ինչի համար կծախսվի առնվազն 250 միլիարդ դոլար», ասաց Վլադիմիր Մովսիսյանը: Լրացուցիչ ջրամբարներն ուղղակի կփրկեն Սեւանը, իսկ լճի մակարդակն անհրաժեշտ է բարձրացնել միայն մաքուր ջուր ունենալու պայմանով:
Սեւանի մակարդակի բարձրացման կապակցությամբ դեռ անցյալ տարի մշակվել եւ ՀՀ նախագահին ներկայացվել էին շուրջ 50 միջոցառումներ, որոնցից 7-ն արդեն իրականացվել են: Ըստ բանախոսի` մնացած 43 խումբ միջոցառումների համար պահանջվելու է ավելի քան 44 մլրդ դրամ:
Այսօրվա դրությամբ Սեւանի մակարդակի բացարձակ նիշը կազմում է 1900 մ եւ 1 սմ: Կլիմայական շեղումների` տեղումների հետեւանքով այսօր Սեւանի մակարդակը 67 սմ բարձր է, քան անցյալ տարի նույն օրը, իսկ այս տարվա հունվարի մեկի համեմատությամբ բարձրացել է 78 սմ: Լճի մակարդակը բարձրացել է նաեւ Սեւանի թունելի վթարային հատվածների շինարարությունը դադարեցնելու հետեւանքով: «Անցյալ տարի Արփա-Սեւան թունելով Սեւան էր տեղափոխվել 202 միլիոն խմ ջուր, իսկ այս տարվա հինգուկես ամիսների ընթացքում արդեն 182 միլիոն խմ», հավելեց Վ. Մովսիսյանը:
Սեւանի մակարդակի նման բարձրացումն առաջ է բերել մի շարք խնդիրներ: Ներկայումս ջրի մեջ են գտնվում Երանոսի եւ Աստղաձորի տրանսֆորմատորային ենթակայաններն իրենց էլեկտրահաղորդման գծերով: «Արդեն համաձայնություն է ձեռք բերվել հայկական բաշխիչ ցանցերի հետ, եւ 2 ենթակայաններն էլ այս տարի բարձրացվելու են», ասաց բանախոսը:
Պակաս հրատապ չեն անտառների ու ճանապարհների հետ կապված խնդիրները: Վ. Մովսիսյանի խոսքով` ջրածածկ են լինելու 3393 հա անտառներ, որից 867 հա կազմող անտառներն արդեն ջրի մեջ են: Ջրածածկ անտառները հնարավոր է մաքրել հատուկ սարքերով, որոնք ձեռք բերելու համար բանակցություններ են տարվում Ֆինլանդիայի ձեռնարկությունների հետ: «Մեր հաշվարկներով` այդ սարքավորումները ձեռք կբերվեն միչեւ սեպտեմբերի վերջ», ասաց բանախոսը: Նրա խոսքով` այսօրվա դրությամբ ճանապարհային խնդիրներ ունենք, օրինակ, Կարճաղբյուր գյուղի մոտ, որտեղ ափը ողողվել է, եւ ճանապարհը ենթակա է փլուզման: «Այնտեղ շուտով սկսվելու են ամրացման աշխատանքներ, որի համար կառավարությունը հատկացրել է 42 միլիոն դրամ», ասաց Վ. Մովսիսյանը:
Սեւանի մակարդակի բարձրացումով, բնականաբար, խնդիրներ են առաջացել` կապված շենքերի եւ շինությունների հետ: Այդ գոտում 1905 մ նիշից ներքեւ գտնվում են 1697 շենքեր եւ շինություններ, որոնցից միայն 481-ն ունեն պետական գրանցում: Շենքերն ու շինությունները կա՛մ պետք է տեղափոխվեն, կա՛մ քանդվեն:
Ասուլիսի վերջում բանախոսը տեղեկացրեց, որ պետությունն այս տարվա բյուջեով 250 մլն դրամ է հատկացրել անտառների մաքրման եւ 592 մլն դրամ` ճանապարհների կառուցման համար:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ