Ասել է ԼՂՀ նախագահը ռուսական լրատվամիջոցներին
Մոռանալով, իսկ միգուցե արհամարհելով Ադրբեջանի «սեւ ցուցակում» ընդգրկվելու հեռանկարը, ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելեցին ԼՂՀ` հենց տեղում տեղեկանալու Չայլու գյուղի իրադարձություններին: Նրանք հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին , որը, պատասխանելով միջադեպի հետ կապված հարցերին, նշել է. «Նման սադրիչ վերաբերմունքով էլ ավելի է բարձրանում մեր բանակի մարտունակությունը, եւ պատերազմի վերսկսման դեպքում մեզ ոչինչ չի մնա, քան ռազմական գործողություններ վարել արդեն Ադրբեջանի տարածքում»: Առհասարակ խոսելով պատերազմի վտանգի մասին, Արցախի նախագահը շեշտել է, որ նման տոնայնության հայտարարություններ Ադրբեջանից լսելի են ամեն օր. «Այդ երկրում հակահայկական, հակաղարաբաղյան հիստերիա է տիրում: Պետական քարոզչական մեքենան վաղուց գործում է այդ ձեռագրով, որի վառ ապացույցն էլ հենց վերջին սադրիչ գործողություններն են սահմանային գոտում, ինչը մեր բանակի զինվորների զոհվելու պատճառ դարձավ», նշել է Սահակյանը:
Պատասխանելով բանակցային գործընթացին վերաբերող հարցերին` ԼՂՀ նախագահը ընդգծել է, որ հայկական կողմի բոլոր կառուցողական նախաձեռնությունները մերժվում են Ադրբեջանի կողմից. «Ավելին, այսօր մենք լուրջ հիմքեր չունենք հակամարտության լուծման մասին ենթադրություններ անելու, քանի որ հակամարտող հիմնական կողմը չի մասնակցում բանակցային գործընթացին, ինչն էլ որոշակի դժվարությունների է հանգեցնում: Այսօրվա դրությամբ, հիմնական միջնորդ է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ցավոք, վերջինս դեռ չի կարողանում հաջողություններ արձանագրել, սակայն սա չի նշանակում, որ Մինսկի խումբը սպառել է իր հնարավորությունները: Ես գտնում եմ, որ նա ի վիճակի է շարունակելու բանակցային գործընթացը` մինչեւ տրամաբանական ավարտին հասցնելը», նշել է Բակո Սահակյանը:
Այնուհետեւ ռուս լրագրողները հետաքրքրվել են Արցախի նախագահից, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Ղարաբաղը միջազգային հանրությունից, «երբ անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը». «Հայաստանը որոշակի պատասխանատվություն է կրում միջազգային հանրության առջեւ, եւ նրա վարքագիծը ուղղված է այն բանին, որ չբորբոքի առանց այն էլ ոչ այնքան դյուրին իրավիճակը: Եթե այդ ճանաչումը մեզ համար պետք է թողնի անցանկալի որոշակի հետեւանքներ, մասնավորապես` ուժեղացնելով լարվածությունը տարածաշրջանում, բնականաբար, դա ճիշտ որոշում չի լինի Հայաստանի կողմից», եզրափակել է ԼՂՀ նախագահը:
Հ. Ա.