«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2010-06-22 | #115, 2010-06-23 | #116, 2010-06-24


ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱ

Դրա կարեւորությունը բազմակողմանի լուսաբանում էր ենթադրում

Հունիսի 21-23-ը Գերմանիա այցելեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի կասեցման, Թուրքիա-Իսրայել ճգնաժամի, որի հետեւանքով սրված թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաեւ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ հավասարության նշան դնելու միջոցով ադրբեջանցի մարդասպան հրոսակի վերջին դիվերսիան արդարացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Եվրոմիության նկրտումների ֆոնին Սարգսյանի այցը դառնում է խիստ կարեւոր, նույնիսկՙ «պատմական» նշանակություն է ձեռք բերում:

Այցի կարեւորությունը պահանջում էր բազմակողմանի լուսաբանում, իսկ դա ենթադրում էր մամուլի լայն շրջանակների ընդգրկումը լուսաբանման աշխատանքներում: Սակայն ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի կողմնակալ մոտեցումը գերազանցեց բոլոր ենթադրությունները: Գրասենյակը վերստին հրաժարվեց ընդառաջել ՀՀ նախագահի այցի լուսաբանման աշխատանքներին Գերմանիայում «Ազգի» թղթակից Անահիտ Հովսեփյանին ընդգրկելու խմբագրության խնդրանքը: Ըստ երեւույթին, լուսաբանելու համար «Ազգին» լուսաբանման մենաշնորհ էր պետք, որքան էլ թերթը Հայաստանում հրատարակվի:

Համենայն դեպս, Սարգսյանի Գերմանիա կատարած այցը, բացի լուսաբանելու մենաշնորհ ունեցող հայաստանյան լրատվամիջոցներից, լուսաբանել են նաեւ թուրքական թերթերը, գործակալություններն ու կայքէջերըՙ դնելով, ինչ խոսք, շեշտը կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսում հայ-թուրքական հարաբերությունների մասին նրա ասածների վրա:

Կանցլեր Մերկելի մամուլի ասուլիսին անդրադարձել էր Նյու Յորքի «Թուրքական» կայքէջը, որի վկայությամբ, ՀՀ նախագահը նշել է. «Թուրքիայի ներկա քաղաքականությունը երկկողմ հարաբերությունների զարգացման հույսեր չի ներշնչում»: Այնուհետեւ նա ավելացրել է, որ իրականում, որպես այդպիսին, հարաբերություններ գոյություն չունեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչ վերաբերում է մերձեցման ջանքերի շրջանակներում ստորագրված արձանագրություններին, ապա հնարավոր չեղավ վավերացնել դրանք Հայաստանի Ազգային ժողովում, որովհետեւ դեռեւս Թուրքիայի խորհրդարանը չի ընդունել:

Ինչպես նշում է «Թուրքական» կայքէջը, նախագահ Սարգսյանը Հարավային Կովկասում վարած հավասարակշիռ քաղաքականության համար շնորհակալություն է հայտնել կանցլեր Անգելա Մերկելինՙ հրավիրելով Հայաստան: Ի պատասխան, Անգելա Մերկելն ասել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը քննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր, ինքը գոհունակությամբ է ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը եւ 2011-ին Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել:

Թուրքական «Դունյաբուլտենի» կայքէջն էլ լուսաբանել է նախագահ Սարգսյանիՙ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում «Անվտանգություն եւ զարգացում Հարավային Կովկասում. Հայաստանի դերը» վերնագրով ելույթը: Կայքէջի վկայությամբ, Սարգսյանն ասել է, որ չնայած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, որոնք նախատեսում են երկկողմ հարաբերությունների նորմալացումն ու զարգացումը, ինչպես նաեւ սահմանների բացումը, Թուրքիան չի կատարել պայմանավորվածություններն ու նույնիսկ սպառնացել է:

Այնուհետեւ Սարգսյանն անդրադարձել է արձանագրությունների ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ Հայաստանին առաջադրվող թուրքական նոր նախապայմանին եւ ընդգծել. «Հնարավոր չեմ համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որովհետեւ Անկարան դրան ձգտում չունի»:

Ըստ այս կայքէջի, Սերժ Սարգսյանի ելույթին ներկա գտնված մի ադրբեջանցի ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իր ծնված գյուղը օկուպացված է 1992-ից ի վեր, ապա եւ հարցրել է. «Ե՞րբ եք վերջ տալու իմ գյուղի օկուպացմանը», իսկ նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Օկուպանտը ադրբեջանցի զորամիավորումներն են»: Այդ ընթացքում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի շենքի առջեւ բողոքի ցույց է կազմակերպել ադրբեջանցիների մի խումբՙ դիմավորելով ՀՀ նախագահին «Սարգսյանն ահաբեկիչ է», «Հայաստան, դուրս եկ Ղարաբաղից», «Ղարաբաղը թուրքերինն է, թուրքական է մնալու» բացականչություններով:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4