Կարծում է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանություններ տվեց այս տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանում արձանագրված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 8,8 տոկոս աճի վերաբերյալ: Նա հատկապես կարեւորեց, որ աճը հավասարապես վերաբերել է տնտեսության բոլոր ճյուղերին, եւ ընդգծեց իրական հատվածում` արդյունաբերության մեջ, էլեկտրաէներգիայի արտադրությունում արձանագրված երկնիշ աճը: Արտահանման 64 տոկոս աճին անդրադառնալովՙ նա, այնուամենայնիվ, փաստեց, որ դա էապես պայմանավորված է անցյալ տարվա արտահանման ցածր ցուցանիշով եւ մետաղների գների բարձրացմամբ:
Խոսելով բյուջեի կատարողականի մասինՙ ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ լուրջ քայլեր են արվում, որպեսզի պետական միջոցները շրջանառվեն գանձապետարանով: Նա մասնավորապես նշեց ԾԻԳ-երում շրջանառվող հարյուրմիլիարդավոր դրամների մասին, ասելով, որ աննորմալ իրավիճակ է, որ այդ գումարները շրջանառվում են 1-2 առեւտրային բանկերում: Նույն կերպ գանձապետական համակարգով են անցնելու առաջիկայում նաեւ ՊՈԱԿ-ների` պետական ոչ առեւտրային կազմակերպություննեի գումարները; Այսինքն, ըստ Տիգրան Դավթյանի, տնտեսական աճի եւ բյուջետային մուտքերի ավելացումը զուգակցվելու է ծախսերի խիստ վերահսկողությամբ եւ խնայողությամբ:
Նախարարն անդրադարձավ խոշոր ընկերությունների` աուդիտ անցնելու եւ հաշվետվություններ հրապարակելու ժամկետներին, ասելով, որ այդ ընկերությունների մեծ մասը նշված քայլերը կատարել են: Նա հորդորեց մյուսներին նույնպես հետեւել այդ քայլին եւ մինչեւ հուլիսի 1-ն անցնել միջազգային աուդիտ, այլապես նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված սանկցիաները: Խոշոր ընկերություններին վերաբերող մեկ այլ` հարկային ներկայացուցիչներ նշանակելու վերաբերյալ հարցին պատասխանելով, ֆինանսների նախարարն ասաց, որ ընտրված առաջին 24 կազմակերպություններին, որոնց շրջանառությունը գերազանցում է 4 մլրդ դրամը, հետեւելու են մյուսները, որոնց ընդհանուր թիվը չի գերազանցի 100-ը, իսկ վերոնշյալ 24-ը ներկայացնում են դեղագործության, ծխախոտի եւ օղու ոլորտները:
Պետական պարտքի վերաբերյալ Տիգրան Դավթյանը հայտնեց, որ մինչեւ տարեվերջ կկազմի 2,9 մլրդ դոլար, ինչը ՀՆԱ 36 տոկոսն էր մինչեւ տնտեսական աճի վերջերս արձանագրված ցուցանիշը: Դա, ըստ նրա, ռիսկային ցուցանիշ չէ, քանի որ ՀՆԱ-ն ավելանում է եւ նրա նկատմամբ պարտքի տոկոսի ցուցանիշը նվազում: Բացի այդ, պետությունն այժմ ունի 153 մլրդ դրամի ռեսուրսներ, եւ այս տարի նոր վարկեր վերցնելու կարիք չի լինի: Ֆինանսների նախարարը հայտնեց, որ վարկերի սպասարկման առումով ամենամեծ գումարներ անհրաժեշտ կլինի փակել 2013-2014 թվականներին` մոտ 300 մլն դոլար տարեկան:
«Ազգի» հարցին, թե 2010-ի տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ ի՞նչ կանխատեսումներ ունի ֆինանսների նախարարությունը, նախարարը պատասխանեց, որ այդ մասին կան տարբեր սցենարներով արված վերլուծություններ: Դրանցից ամենալավատեսական սցենարով տնտեսական աճը կլինի 10 տոկոսի, զգուշավոր սցենարով` 5 տոկոսի միջակայքում: Իր անձնական կարծիքը հայտնելովՙ Տիգրան Դավթյանը նշեց, որ այդ աճը կգտնվի վերոնշյալ երկու թվերի միջեւ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ